Բաժիններ՝

«Հարկային դաշտը ցնցումների մեջ գցել չի կարելի». Արամ Մանուկյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում հարկային օրենքների փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հաստատագրված հարկերի համար 26 անգամ եկել է ԱԺ, հարկերի մասին օրենքի համար՝ 50, ԱԱՀ-ի՝ 74 անգամ, և սա դեռ չի նշանակում 74 փոփոխություն, կարող է 300 փոփոխություն լինի: Հարկային դաշտի օրենքների ընդհանուր փոփոխությունների համար, Ա.Մանուկյանի հաշվարկով, 290 փոփոխություն է տեղի ունեցել:

«Ոչ մի հաշվապահ ուղղակի չի կարող հասցնել այս օրենսդրական փոփոխությունների հետևից»,- ասաց Ա.Մանուկյանը՝ հետաքրքրվելով՝ արդյոք մենք իրավիճակայի՞ն օրենսդրություն ենք իրականացնում, թե՞ պետք է լինի ռազմավարության մաս:

Նա նշեց, որ կարելի է խնդիրները հավաքել և տարին մեկ անգամ փոփոխություն անել. «Այսպես անբարեխիղճ չի կարելի տնտեսվարողի հետ վերաբերվել: Հարկային դաշտը, տնտեսվարողին ցնցումների մեջ գցել չի լինի: Ես չեմ ասում՝ լավ բաներ չեք անում, թեթևացումներ չկան: Բայց պետք է ռազմավարություն, քաղաքականություն»:

«Անվիճելի է, որ հարկային դաշտի օրենսդրական հաճախակի փոփոխությունները խարխլում են համակարգի կայունության և կանխատեսելիության սկզբունքները, որն անչափ կարևոր է»,- համաձայնեց Վ.Միրումյանը:

Նա նշեց, որ հարկային ընկալման հետազոտություն է կատարվել ԱՄՆ ՄԶԳ կողմից, որը վկայում է, որ հաճախակի փոփոխությունները բացասաբար են անդրադառնում: Դրա համար, ըստ Միրումյանի, արմատական մոտեցում կա՝ հարկային օրենսգրքի մշակումն ու ընդունումը, որն արդեն դրված է քննարկումների, և որի նպատակը կայունություն ապահովելն է, որ այդ փաստաթուղթը ծառայի երկարաժամկետ հատվածի: Ընդ որում, փոխնախարարի կարծիքով, այդ փոփոխությունները պետք է տարին մեկ անգամ էլ չլինեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս