Թեժ վիճաբանություն Արամ Հարությունյանի և Սամվել Նիկոյանի միջև. «Դուք Աշոտ Նավասարդյանի անունը չտաք»

«Հանրապետականների 99 տոկոսը մինչև 1998 թվականը չեն եղել հանրապետական, Պարոն Նիկոյանը 2000-ին պահանջել է Սերժ Սարգսյանի հրաժարականը, մի քանի ամիս հետո դարձել է հանրապետական»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Նա նաև հայտարարեց, որ իրեն 2011 թվականին առաջարկել են ՀՀԿ-ի ցուցակով անցնել խորհրդարան, իսկ «Բարգավաճ Հայաստանից» 2012 թվականին են առաջարկել, բայց ինքը մանդատ ունենալու խնդիր չունի:

Ասուլիսին ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն արձագանքելով Ա. Հարությունյանի հայտարարություններին՝ նշեց, որ ինքը մնում է սահմանադրական բարեփոխումների քննարկման դաշտում: Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումներին դեմ են մարդիկ, ովքեր չեն կարդացել նախագիծը, կա՛մ կարդացել են՝ չեն հասկացել, կա՛մ կիսանախագահականի կողմնակից են, կա՛մ էլ մարդիկ, որ ունեն անձնական նկատառումներ. «Պարոն Հարությունյանին սահմանադրական այս փոփոխություններով մենք զրկում ենք երրորդ կամ չորրորդ անգամ ՀՀ նախագահի թեկնածու լինելու հնարավորությունից: Այդ իսկ պատճառով ձեր ամբողջ վրդովմունքն ինձ հասկանալի է, բոլոր ձեր մեղադրանքներն անձերին՝ հասկանալի է»:

Ա. Հարությունյանն էլ իր հերթին՝ հայտարարեց, որ, եթե Ս. Նիկոյանն ակնարկում է, որ ինքը քիչ ձայն է հավաքել, սխալվում է. «Ես ավելի շատ ձայն եմ հավաքել, քան Աշոտ Նավասարդյանը 1991 թվականին»:

Ս. Նիկոյանը բարկացավ, երբ Ա. Հարությունյանը տվեց Ա. Նավասարդյանի անունը. «Դուք իրավունք չունեք Աշոտ Նավասարդյանի անունը տալ և Ձեզ դնել նրա կողքին: Ամբողջ կյանքը պետությանը, ազգին նվիրած մարդ է նա»:

«Դրա համար այսօր նրա գաղափարներին դավաճանո՞ւմ եք, հիմա Աշոտ Նավասարդյանի հոգին երկնքից չգիտեմ՝ ինչ է լինում, երբ տեսնում է՝ ով է ձեր կուսակցության նախագահը: Ես որ Աշոտ Նավասարդյանի հետ նստում էի 1991-ին, դուք այդ ժամանակ Հանրապետականում չէիք»,- հայտարարեց Ա. Հարությունյանը:

Ս. Նիկոյանն էլ հորդորեց Ա. Հարությունյանին՝ համեստ լինել, երբ ասում է, թե իրեն տարբեր քաղաքական ուժեր առաջարկել են պատգամավոր դառնալ. «Ձեր տեղը պահված է նախագահական ընտրություններում մշտական թեկնածու լինելու հարցում: Հիմա էլ այդպես չի լինի»:

«Բայց ես երբեք չոքած չեմ եղել այն մարդու առաջ, ում հրաժարականն եմ պահանջել»,- եզրափակեց Ա. Հարությունյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս