Մեր ընդդիմադիրները բավականին հարուստ են, թող չծախվեն իշխանություններին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազատ-արդար ընտրությունների մասին վստահեցումներ շռայլող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրինք՝ եթե իսկապես ցանկանում եք, որ ազատ ընտրություններ կայանան, ինչո՞ւ չընդունեցիք ընդդիմության առաջարկները։

– Ընդամենը 3 առաջարկություն է եղել, որից միայն ՀԱԿ-ի առաջարկը չի ընդունվել՝ թանաքոտման վերաբերյալ։ Որովհետեւ դա միտում է, որպեսզի մարդկանց վանեն ընտրություններից, այդ փոփոխությունը ոչինչ չի կարող տալ, եւ սա լավագույն տարբերակն է. առանց մարդկանց մարմնի մասերին կպնելու մենք առաջարկում ենք, որ առանձին սյունակում նշվեն նույնականացման քարտերով մասնակցածները, որից հետո արձանագրությունում հատուկ նշվի այդ մասին, արձանագրությունը տրվում է բոլորին՝ հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց, եւ եթե կլինեն կասկածելի երեւույթներ, դրանց ստուգելը շատ հեշտ է, եւ հարկ եղած դեպքում կբողոքարվեն։ Սա ընդամենը պատրվակ է, եթե այս քարտերն էլ չլինեին, մի ուրիշ բանի վրա էին կենտրոնանալու, միայն թե կարողանան հանրության ուշադրությունը շեղեն իրական հանրաքվեից։

– Ընդդիմադիրները, վկայակոչելով նախկին համապետական ընտրությունները, ասում են, որ ՀՀԿ-ն ամենատարբեր մեթոդներով կարողանում է ահաբեկել ընդդիմության հանձնաժողովականներին, վստահված անձանց, լավագույն դեպքում՝ փողով առնում։

– Հանձնաժողովների 9-ը տեղից 5-ն ընդդիմադիրներն են զբաղեցնում, այլ բան եթե հայտարարեն, որ իրենք մարդ չունեն, մտածենք, ոնց օգնենք, որ իրենց հանձնաժողովի անդամներ տան։ Ընդդիմության վստահված անձանց լայն արտոնություն է տրվել, նա կարող է նստել 2 հանձնաժողովների մեջտեղում եւ հետեւել պրոցեսին։ Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա դուք էլ գիտեք, որ դրանք պատրվակներ են։ Եթե դուք նայեք, թե նախկին ընտրություններում ընդդիմադիրներն ովքեր են եղել, նրանցից որևէ մեկը գումարով չի զիջում իշխանություններին, բավականին լավ վիճակում ընդդիմադիրներ ունենք, որոնք չեն խնայում ոչ մի բանի համար։

Եթե ակնարկը ԲՀԿ-ին է վերաբերում, ապա, նախ՝ այդ կուսակցությունն արդեն ձեր լիակատար վերահսկողության տակ է, երկրորդ՝ «այո»–ի կողմնակից։

– «Օրինաց երկրի» հնարավորություններն էլ վատ չեն, թաքնված ֆինանսավորվող մյուս կուսակցությունների, որոնց դեպքում ֆինանսական մեծ մուտքեր կան, եւ նրանք բավականին | ծախսեր են կատարում։ Միշտ պարտվողները պատճառաբանություն գտնում են եւ ասում, որ ընտրությունները կեղծված են։ Հիմա ցավը նա է, որ ընտրություններից առաջ են արդեն ասում։

– Տառապանքը փորձ ունի։

– Այո, տառապանքը փորձ ունի, 90-ականների փորձ ունեցողները գիտեն, որ փորձ ունի, բա իհարկե ունի։ Որովհետեւ բոլորս ենք ականատես եղել այդ ամենին, ինչ կատարվել է։ Արմատախիլ ենք անելու բոլոր նեգատիվ երեւույթները, եւ հանրաքվեի վրա ստվեր գցող քաղաքական ուժը կամ գործիչը պարզապես չի ցանկանում այս երկրի լավը տեսնել։

– Հանրաքվեի վրա ստվեր գցողները, ընտրակեղծարարները լինելու են ՀՀԿ-ից, ի՞նչ եք անելու նրանց հետ։

– Պատժվելու են, եթե այդպիսիները լինեն, ապա նրանք արջի ծառայություն են մատուցելու։ Եթե պետք է խախտումով Սահմանադրություն անցկացնենք, ապա այդ փաստաթուղթը լուրջ խնդիրներ կունենա ապագայում կիրառման ժամանակ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս