Բուժարար փիփերթը. Դեղատոմսեր

MALVACEAE – փիփերթազգիներ

Malva (Mall) – լատիներեն նշանակում է` փափկեցնող։ Հայաստանում առավել տարածված են Malva sylvestries-ը` փիփերթ անտառայինը, Malva neglecta-ը` փիփերթ արհամարհվածը: Կան նաեւ այլ տարատեսակներ։ Բուժական նպատակներով օգտագործում են Malva silvestris տեսակը, որի ծաղիկները մեծ են neglecta տեսակի համեմատությամբ։ Դեռեւս Պլինիուսը գրում էր. «Ով ամեն օր խմի փիփերթից թեյ, դրանով կպաշտպանի իրեն պատահական հիվանդություններից»։ Փիփերթ անտառայինը պարունակում է գլյուկոզիդ, կարոտինային նյութեր, անտոցիան։ 100 գրամ փիփերթը գրեթե բավարարում է օրգանիզմի A եւ C վիտամինների պահանջը։ Բույսը պարունակում է դաբաղանյութեր, լորձ, այդ է պատճառը, որ փիփերթը կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ` որպես փափկեցնող, պատիճավոր (պատող), հակաբորբոքային միջոց։ Փիփերթը հանդիպում է ամենուր` ճանապարհաեզրերին, թփուտների մացառուտներում, թափանցում է բանջարանոցներ, այգիներ, հացահատիկի դաշտերի շուրջը։ Փիփերթ անտառայինը շատ է հանդիպում լուսավոր անտառներում, բացատներում:

Այն երկամյա, երբեմն` բազմամյա իլիկաձեւ արմատով բույս է, որի ցողունն ուղղաձիգ է կամ գետնին փռվող, թավոտ-մազածածկ։ Ցողունների բարձրությունը փոփոխվում է 30-50 սմ, երբեմն` ավելի բարձր։ Տերեւները կլորավուն են, հիմքում` սրտաձեւ, հերթադիր, երկարակոթուն։ Ծաղիկները տեղադրված են փնջերով տերեւածոցերում, ծաղկաբաժակի տերեւիկները հինգն են, կա նաեւ ենթածաղկաբաժակ երեք տերեւիկով։ Ծաղկաթերթերը հինգն են, վարդագույն` ալ բծերով։ Բազմաթիվ առէջքները ստորին մասում կազմում են հոծ խողովակ։ Սերմնարանները մի քանիսն են, պտուղն ունի սկավառակի տեսք, բաղկացած մի քանի սերմերից, կենտրոնում ունի փոսիկ։ Պտուղները համեղ են եւ սննդարար, դրանք շատ են սիրում ուտել երեխաները։

Փիփերթից ստանում են դեղին ներկանյութ։ Բուժական նպատակներով օգտագործվում են բույսի տերեւները, ծաղիկները, սերմերը, արմատները։ Ծաղիկները հավաքում են չբացված վիճակում, տերեւները` նախքան ծաղկելը։ Չորացնում են բաց ծածկի տակ, բարակ շերտով։ Տերեւները եւ ծաղիկները պահում են` ապակյա, իսկ արմատները` փայտյա տարայի մեջ։ Ա. Ամասիացին խորհուրդ է տվել փիփերթի-մոլոշավարդի հյութով թրջոց դնել ջերմության հետեւանքով առաջացած աչքացավի ժամանակ։ Կիրառել է այն չոր հազի, երիկամների, միզապարկի եւ միզուղիների հիվանդությունների ապաքինման համար։ Ժողովրդական բժշկության մեջ փիփերթի ծաղիկներն օգտագործվում են որպես խորխաբեր միջոց։ Բույսի վերգետնյա մասի եփուկով կատարում են ողողումներ, լոգանք։ Խմում են տաք վիճակում` հազի, թոքախտի դեպքում։ Սերմերի եփուկն ու թուրմը օգնում է բրոնխիտի, հազի, շնչուղիների հիվանդությունների, միզապարկի բորբոքման դեպքում։

Կարդացեք նաև

piperrt1

Դեղատոմսեր

Դժվար միզարձակման դեպքում. Խմեք փիփերթի տերեւների եփուկը` կաթով։ 2ճ/գ փիփերթի թարմ տերեւները (չոր` 1 ճ/գ) թրմեք 200 մլ եռջրի մեջ 20-30 րոպե։ Քամեք։ Խառնեք հավասար քանակությամբ տաք կաթի հետ, խմեք օրվա ընթացքում 2-3 անգամ, սնունդ ընդունելուց մեկ ժամ հետո։

Ստամոքսի խոցի վիրահատությունից հետո. Պատրաստեք փիփերթի եփուկ, քամեք։ Խառնեք 200 մլ-ին 1-2 թ/գ շաքար, բաժանեք 3-4 մասի, խմեք օրվա ընթացքում։

Անեմիայի դեպքում. 40 գրամ փիփերթի արմատներին ավելացրեք 1 լիտր սպիտակ գինի, թրմեք մութ, հով տեղում 2 շաբաթ։ Պարբերաբար թափահարեք, քամեք։ Խմեք օրը երեք անգամ, 50-ական մլ։

Ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում. Ընդունեք օրը մեկ թեյի գդալ թարմ ծաղիկներից ստացված հյութ, խառնած (1։1) մեղր, լուծեք 200 մլ գոլ ջրի մեջ։ Խմեք օրը 1-2 անգամ 100 մլ։

Մարսողական համակարգի, միզուղիների հիվանդությունների դեպքում.

Մանր կտրատած (3մմ) 1 ճ/գ փիփերթի արմատները թրմեք 3-4 ժամ 200 մլ զտված ջրի մեջ։ Ճզմեք հումքը թուրմի մեջ։ Խմեք մեկական ճ/գ յուրաքանչյուր 2 ժամը մեկ։

– Վերցրեք յոթական գրամ փիփերթի ծաղիկներ, տուղտի ծաղիկ եւ տերեւ, 6 գրամ կտավատի սերմ։ Ավելացրեք 400 մլ եռջուր, եփեք 15 րոպե ջրային բաղնիքի վրա։ Հումքը քամեք թուրմի մեջ։ Խմեք կեսական բաժակ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց հետո։

Բկաբորբի եւ նշկաբորբի (տոնզիլիտ) դեպքում. Մեկական ճ/գ փիփերթի եւ խռնդատի (verbascum), եղեսպակի տերեւները 12 ժամ թրմեք 500 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ, գոլ վիճակում, միաժամանակ նույն թուրմով ողողեք կոկորդը։

Փիփերթի օգտագործումը հակացուցված է հղիներին։

Սնունդը` դեղ

Վիտամինային ապուր։ Պատրաստեք ձեթով սոխեռած։ Կաթսայի մեջ ավելացրեք 1 լիտր եռջուր, 1 հատ (քերիչի խոշոր հատվածով անցկացրած) կարտոֆիլ, 20 րոպե հետո լցրեք 60-ական գրամ կտրատած թարմ փիփերթի եւ եղինջի տերեւները։ Անջատելուց առաջ ավելացրեք մաղադանոս եւ ըստ ճաշակի աղ։

2011թ.
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս