ԼՂՀ ԳՆ ՍԱՊ ծառայության կողմից հայտնաբերվել և խոտանվել է ժամկետանց սննդամթերք

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի, որակի և օպերատիվ հսկողության տեսչության կողմից ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսում իրականացրած դիտարկումների արդյունքում Ստեփանակերտ քաղաքի 24 տնտեսավարող սուբյեկտներից խախտումներ չեն հայտնաբերվել միայն 5 -ում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իրականացված դիտարկումների արդյունքում 19-ը տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել են ժամկետանց ապրանքների իրացման, առանց անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի ապրանքների իրացմամբ պայմանավորված խախտումներ, ինչպես նաև սննդի շղթայում ներգրավված անձնակազմը օրենսդրությամբ սահմանված կարգով չէր ենթարկվել բժշկական զննության:

Դիտարկումների ընթացքում հայտնաբերվել և խոտանվել են ժամկետանց կաթնամթերք՝ ավելի քան 22 կգ, հյութեր՝ 77 լիտր, պահածոյացված մթերք՝ 12 կգ, քաղցրավենիք՝ 46 կգ, միս-մսամթերք՝ 37 կգ, ձու՝ 36 հատ, այլ սննդամթերք՝ 48 կգ:

ՍԱՊ ծառայության կողմից դիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ տրված մի շարք հանձնարարականներ, որոնց վերջնաժամկետը լրանում է հոկտեմբեր ամսում, կատարվել են, իսկ կատարվելիք մյուս հանձնարարականների վերջնաժամկետը լրանում է ընթացիկ տարվա նոյեմբեր ամսում:

Տեսանյութեր

Լրահոս