Երազում տեսել է, որ 6-ամյա աղջիկը քարով հարվածել է իր շանը, նրան «դաստիարակելու» նպատակով պահել նկուղում, սպանել է նրա պապիկին

Դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով մեղադրվող տղամարդու վերաբերյալ քրեական գործը:

42-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «մտավոր թերնորմալություն» հոգեկան հիվանդությամբ տառապելով և իբրև երազում տեսնելով, որ իր հարևանի 6-ամյա թոռնուհին քարով հարվածել է իր շանը, աղջկան «դաստիարակելու» նպատակով, վերջինիս կամքին հակառակ և նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այն է` ձեռքից քաշելով իրենց գյուղի մանկապարտեզի խաղահրապարակից առևանգել է նրան, տարել մանկապարտեզին հարակից հիվանդանոցի նկուղ և շուրջ 5-10 րոպե պահել այդ նկուղում:

Բացի այդ՝ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նշված հոգեկան հիվանդությամբ տառապելու պատճառով աղջկան անհանգստացնելու վերաբերյալ նրա հոր դիմումի հիման վրա ոստիկանությունում նյութեր նախապատրաստելու և իրեն հոգեբուժական հիվանդանոց հետազոտման ուղարկելու հարցի շուրջ ունեցած անհաշտության հողի վրա` վրեժի շարժառիթով, աղջկա պապին պատկանող խաղողի այգում, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած ռետինե խողովակը նրա պարանոցին փաթաթելու և սեղմելու եղանակով փորձել է սպանել նրան: Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ մոտակայքում գտնվող համագյուղացին, լսելով վիճաբանության և գոռգոռոցի ձայները, մոտեցել և թույլ չի տվել ավարտին հասցնել հանցագործությունը:

Բացի դա՝ նրան մեղադրանք է առաջադրվել, որ նույն շարժառիթով՝ աղջկա պապին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իբրև նրա հետ հաշտվելու և հյուրասիրելու պատրվակով դաշտում հանդիպելու մասին նրա հետ նախապես պայմանավորվելով` վերջինիս հետ հանդիպել է նրա խաղողի այգու մոտակայքում սալորենու մոտ, որտեղ նրան հյուրասիրել է նախապես իր հետ վերցրած ուտելիքներն ու օղին, այնուհետև նրան հասցնելով ալկոհոլային հարբածության վիճակի և դրանով զրկելով դիմադրելու հնարավորությունից, պարանոցին`վահանաճառի շրջանում բութ առարկայով սեղմելու եղանակով մեխանիկական շնչահեղձությամբ սպանել է նրան:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Տեսանյութեր

Լրահոս