Որքա՞ն աշխատավարձ է ստանում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը
Որքա՞ն աշխատավարձ է ստանում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը: Այս հարցն այսօր ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հնչեցրեց մի քանի անգամ, սակայն այդպես էլ պատասխան չստացավ: Հարցը զեկուցող ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, թե չգիտի աշխատավարձի չափը, իսկ ԱԺ դահլիճում ներկա ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն էլ չհուշեց ու չօգնեց իր ղեկավարին:
«Ինչի՞ չեն հնչեցնում: Ոչ թե չգիտեն, շատ լավ էլ գիտեն: Պարզապես ԿԲ մասին ՀՀ օրենքը խոսում է, որ հենց ԿԲ նախագահի ու տեղակալի աշխատավարձերը հենց ԿԲ-ն էլ նշանակում է՝ խորհրդի որոշմամբ: Այսինքն՝ ձեր պատասխանը պետք է լիներ՝ որքան ուզենք, էնքան էլ վարձատրելու ենք»,- իր ելույթում հայտարարեց Տ.Ուրիխանյանը՝ սա համարելով անընդունելի:
Նա վստահություն հայտնեց, որ իշխանություններն արդեն որոշել են, թե ով է լինելու ԿԲ նախագահի երկրորդ տեղակալը, իսկ մնացածը միայն շղարշ է:
Հիշեցնենք, որ «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով նախատեսվում է ԿԲ նախագահի տեղակալի ևս մեկ հաստիք ավելացնել: