Վաղվանից ՃՈ-ն կտուգանի մգեցված դիմապակիներով վարորդներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին մեքենաների ապակիները մգացնելու համար նախատեսված կետերում մեծ հերթեր են գոյացել, քանի որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունն առաջիկայում կսկսի ստուգել ՀՀ-ում առկա մեքենաների ապակիների մգեցվածության աստիճանը: Եվ որպեսզի խուսափեն տուգանքից, վարորդները լծվել են իրենց մեքենաների ապակիների մգեցվածությունը թուլացնելու գործին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՃՈ-ն այդ ստուգումները նախատեսում է սկսել նոյեմբերի 11-ից:
ՀՀ ոստիկանության՝ օրերս տարածված հայտարարության համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջեւի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, եւ մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին եւ անձրեւի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգացված թաղանթով): Նշենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս: Իսկ առջեւի դռների, առջեւի կողային եւ այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետեւի դռների ապակիներ եւ հետեւի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր: Եւ եթե վարորդները չեն պահպանում այս որոշմամբ սահմանված նորմերը, ապա խախտման համար նրանց սպասվում է տուգանք:
Այսպես, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապակիների լուսաթափանցելիության չափի կամ կարգի խախտմամբ՝ վարագուրապատված տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 հազար դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: