Բուժիչ նշենին. բաղադրատոմսեր

Նուշը պատկանում է վարդազգիների ընտանիքի սալորայինների ենթաընտանիքին։ Տարբերում են նշենու երկու տեսակ` դառը` Prunus duclis. amara եւ քաղցր` P.d. duclis։

Նշենին փոքր ծառ է` 4-8 մ բարձրությամբ եւ 10-40 սմ բնի տրամագծով։ Ունի զարգացած, արմատային համակարգ, որի հետեւանքով չորադիմացկուն է։ Դիմանում է մինչեւ -25 C ցրտահարություններին։ Ծաղկում է վաղ գարնանը` նախքան տերեւների բացվելը։ Ծաղիկը արտադրում է նեկտար, մեղուն վերցնում է այն եւ ծաղկափոշին, որը հատկապես կարեւոր է որպես վաղ գարնանային կեր մեղվաընտանիքների համար։

Պտղաբերում է 4-5-րդ տարվանից մինչեւ 35-55 տարեկանը, կյանքի տեւողությունը 130-150 տարի է։ Պտուղը կորիզապտուղ է, որը իր սննդային արժեքով մոտ է ընկույզին։

Հայաստանի բնության մեջ բնաշխարհիկ է գարնանը խոշոր կարմիր ծաղիկներով 30-40 օր զարդարվող Նաիրյան տեսակը։ Մշակության մեջ տարածված է նշենի սովորականը (Amygdalus communis), որն ունի նաեւ հողապաշտպան նշանակություն, ծաղիկները ճերմակ կամ վարդագույն երանգ ունեն։

Կարդացեք նաև

Արաբ բժիշկները նուշը համարել են բուժիչ բույս։ Իբն Մասսունն օգտագործել է տապակած միջուկը աղիների հիվանդությունների, իսկ Մանսուրին` ցավոտ միզարձակության դեպքում։ Իբն Սինան նկարագրել է, թե ինչ արդյունքներ կարող է տալ նուշը հազի, ասթմայի, պլեւրիտի, երիկամների եւ միզապարկի հիվանդությունների դեպքում եւ այդ օրգաններից քարերի հեռացման համար։ Նա «Բժշկական գիտության կանոնները» գրքում բերում է դեղատոմսեր, ուր նուշի սերմը նշվում է որպես ուղեղի աշխատանքը եւ տեսողությունը լավացնող, արտաքին վերքերը բուժող, փափկեցնող միջոց։ Ըստ Ագանթագեղոսի` նուշը կամ բադամը անվանվել է «վայրի կաղին»։

Հայաստանում նուշը, նշակաթը, նշաձեթը օգտագործվել է սննդի եւ բժշկության մեջ։ Այդ մասին ընդարձակ տեղեկություններ է թողել Ա. Ամասիացին. «Եթե թաց նուշն ուտեն կճեպի հետ, շատ կօգնի լնդերի ու բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում եւ կիջեցնի ջերմությունը։ Թաց նուշը գիրացնում է մարմինը։ Նուշն օգտակար է չոր հազի, արյունաթքության, միզապարկի եւ աղիների հիվանդությունների դեպքում։ Մաքրում է կուրծքը եւ հանգստացնում միզելու ժամանակ առաջացած մրմռոցը։ Շաքարի հետ ուտելու դեպքում առատացնում է սերմնարտադրությունը, ինչպես նաեւ օգտակար է թոքերի համար։

nush3

Բոված նուշն ուտելն օգտակար է ստամոքսի համար, բայց դանդաղ է մարսվում։ Նշի յուղն օգնում է ականջի ցավի դեպքում, իսկ բնափայտն օժտված է այն բոլոր հատկություններով, ինչ պտուղը։ Նշի վնասակար ներգործությունը չեզոքացնում է շաքարը, ինչպես նաեւ` թթու մրգերի օշարակը։ Դառը նուշի լավագույն տեսակը խոշոր եւ յուղոտ է լինում։ Մաշկին քսելու դեպքում կվերացնի պեպենները, կօգնի եղնջատենդի եւ էկզեմայի ապաքինմանը»։

Նշի սննդային արժեքը բարձր է`100 գ նշասերմի կալորիականությունը 598 կկալ է, նույն քանակում պարունակվում են վիտամիններ B1-0,211 մգ, B2-1,014, B3-3,385, B5-0,469, B6-0,143, B9-50 միկրոգրամ, E-26,22 մգ, բիոտին, ֆիլոխինոն (K), երկաթ -3,72 մգ, քլոր-40 մգ, ծծումբ-228 մգ, բետա-կարոտին, լիկոպին։

Պարունակում է 0,5-0,8 տոկոս եթերային յուղեր, 4,7 տոկոս ջուր, 22 տոկոս սպիտակուցներ, 1 տոկոս օսլա, 4 տոկոս շաքարներ, 3 տոկոս բուսախեժ, 6 տոկոս բջջանյութ, 5 տոկոս մոխիր, 45-60 տոկոս ճարպ, որում կան գլիցերիդներ` օլեինի (80 տոկոս), լինոլի (15 տոկոս), կճեպում` լինոլենի եւ միրիստինի։

Դառը սերմերը պարունակում են 3,5-4 տոկոս ալկալոիդ ամիգդալին, որի տրոհման ժամանակ առաջանում է սինիլաթթու, 10-15 սերմը կարող է առաջացնել, հատկապես երեխաների մոտ, ծանր թունավորում, շնչառության ընդհատում։ Քաղցր սերմերում ամիգդալինի պարունակությունը քիչ է։ Հետաքրքիր է նուշի համաշխարհային արտադրության դինամիկան. 1985-2009թթ. ընկած ժամանակաշրջանում այն աճել է ճիշտ երկու անգամ, ընդ որում, կեսը արտադրվում է ԱՄՆ-ում։ Այս երկիրը ավելացրել է արտադրանքը երեք անգամ։ Պատճառը կարծես թե կալցիումի յուրացման խնդիրն է։

Նուշը տարբեր տվյալներով պարունակում է` 264-386 մգ կալցիում (Ca), 201-268 մգ մագնիում (Mg) 451-484 մգ ֆոսֆոր (P), 705-805 մգ կալիում (K)։ Ըստ համաշխարհային առողջապահության կազմակերպության` կալցիումի օրական պահանջն օրգանիզմի կողմից ընդունված է 400-500 մգ։ Սակայն, ըստ Վ.Ն. Ֆեդինի` Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի բնակիչներին չի բավարարում 900 մգ կալցիումը, որի 70-90 տոկոսը նրանք ստանում են կաթնամթերքի հետ, Իտալիայում` 650-800 մգ, որից 50-70 տոկոսը` կաթնամթերքի միջոցով, Չիլիում ՀԱՀ-ում, Թուրքիայում` 300-350 մգ, որից 10-30 տոկոսը` կաթնամթերքի, մնացածը` հացահատիկի, ընկույզի, ձկնեղենի, եւ այլն։ Ֆեդինը եկել է այն հետեւության, որ կալցիումի յուրացումը կախված է մթերքի հատկություններից, հատկապես` K, Mg, P եւ Ca հարաբերություններից, որոնք նուշի մեջ հետեւյալն են` Ca։K=0,38-0,48 (0,5), Ca։Mg=1-1,9 (2), Ca։P=0,55-0,86 (0,66)։

nush

Փակագծերում նշված են այն ցուցանիշները, որոնք համարվում են լավագույնը։ Նուշի ցուցանիշները գերազանցում են յուղալի կաթնաշոռը, պնդուկը, գազարը, բազուկը, եւ այլն։ Մի այլ ուսումնասիրությամբ նուշը դասվում է սելեն պարունակող հինգ լավագույն մթերքների շարքին, եթե ավելացնենք, որ նուշը պարունակում է բավարար քանակությամբ վիտամիններ, ապա կարելի է ենթադրել, որ այն դիտվում է որպես քոէնզիմ հատկություն ունեցող նյութ։ Հիշենք պատմական փաստը, երբ 20-րդ դարի 80-ականներից Ճապոնիայի միկադոյի հրամանով բնակչությունը ընդունում է` «Քոէնզիմ -10», որը արտադրվում է ջրիմուռներից եւ համարվում լավագույն հակաօքսիդանտ։

Կարեւոր հետեւության են եկել Կոնեկտիկուտի համալսարանի գիտնականները։ Նրանք ուսումնասիրել են նուշի ազդեցությունը նյութափոխանակության վրա եւ, հիմնվելով մեծածավալ տվյալների վրա, հայտարարել են, որ 1 ամիս շարունակ օրը 25-165 մգ նուշ ուտողների մոտ զգալիորեն նվազել է խոլեստերինի պարունակությունը։

Պլևրիտ. Խառնեք 500-ական գ մեղր եւ կարագ։ Մանրացրեք եւ խառնեք 125-ական գ նուշ եւ եղինջի սերմ։ Միացրեք երկու խառնուրդները, պատրաստեք փոքր հաբեր, պահեք դրանք սառնարանում։ Դրեք լեզվի տակ 1-2 հաբ` մինչեւ հալչի։ Կրկնեք օրը 3-4 անգամ։

Ականջի ցավ եւ աղմուկ. Կաթեցրեք 2-3 կաթիլ գոլ յուղ, օրը 2 անգամ։

Լսողությունը լավացնող. Առաջին օրը կաթեցրեք 7-8 կաթիլ յուղ մեկ ականջին, հաջորդ օրը` մյուս։ Կատարեք 10-12 անգամ։

Օստեոպորոզ. 48 ժամ թրջեք 500 գ սոյան, ընթացքում 6-10 անգամ փոխեք ջուրը։ Եփեք 90 րոպե, փոխեք ջուրը, եփեք եւս 2 ժամ։ Տրորեք կամ աղացեք սոյան` մինչեւ ստացվի համասեռ զանգված, խառնեք 50 մլ սոյայի յուղ, 100 գ մանրացրած նուշ, համեմեք կարմիր պղպեղով, կոճապղպեղով, մշկընկույզով։

Աչքամաշկի եզրային կնճիռներ. Բամբակե խծուծը թրջեք նշայուղի մեջ, զգուշորեն «նստեցրեք» մաշկի մեջ։ Պահեք 30 րոպե, զգուշորեն հանեք յուղը անձեռոցիկով (առանց մաշկը ձգելու)։ Այլ քսուքներ չօգտագործեք։ Շարունակեք 15-20 օր։

Եղունգներն ամրացնող. Գոլացրեք 30 մլ նշայուղը, ավելացրեք 2-ական կաթիլ նարդոսի, սանդալի, նոճու եթերային յուղեր, ընթացքում խառնեք։ Պահեք 10 րոպե եղունգները յուղի մեջ։

Հարթեցնող. 30 մլ նշայուղին ավելացրեք 5 կաթիլ սանդալի եւ 10 կաթիլ նարդոսի եթերային յուղեր։ Պահեք եղունգները յուղի մեջ 30 րոպե, օրը 2 անգամ։

2012թ.
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս