
Հարուցվել է քրեական գործ՝ յուրացման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ:
2015 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտե ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկված ՀՀ արդարադատության նախարարի գրությունն այն մասին, որ քաղաքացի Մ.Մեսյանը դիմել է Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Վ.Գրիգորյանին` առուվաճառքի պայմանագրով գնորդի կողմից վաճառողին վճարման ենթակա 64.000 ԱՄՆ դոլար գումարը նոտարի դեպոզիտ հաշվից ստանալու խնդրանքով, սակայն նոտար Վ.Գրիգորյանը հրաժարվել է դիմումատուին հանձնել գումարը:
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` յուրացման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակություն կատարելը:
Քրեական գործով կատարվել և կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: