Լևոն Զուրաբյանը գիտի՝ ինչ է անելու Սերժ Սարգսյանը
«ՀԱԿ-ն ամեն տեղ ունենալու է վստահված անձ, այլ հարց է, որ տարբեր ուժի մարդիկ են դրանք: Տեղեր կան, որ մենք գիտենք՝ և՛ ուժեղ են, և՛ գրագետ, և՛ համարձակ, ավելի շուտ կզոհվեն, քան կթողնեն, որ որևէ ընտրակեղծիք լինի, տեղեր կան, որ նույնքան համարձակ, ուժեղ ու գրագետ չեն, այդտեղ իշխանությունը ստանում է խաղալու ռեսուրս»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Անդրադառնալով ընդդիմության և իշխանության ռեսուրսներին, նա ասաց, որ իշխանությանն այսօր աջակցում են ինչ-որ մի ընտրազանգված ունեցող ուժեր. «ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն էին ի սկզբանե այդ պրոցեսը խմորողները, այս երկուսին ընդամենը միացել է ԲՀԿ-ն, այն էլ այն բանից հետո, երբ փետրվարին Սերժ Սարգսյանն անձամբ գլխավորեց հարձակումը Գագիկ Ծառուկյանի վրա: Ինչ վերաբերում է իրենց ռեսուրսներին, ապա դրանք էլ գիտենք՝ 18 հեռուստաալիք, որոնք բոլորը գործում են Բաղրամյան 26-ի հրամանով և վերահսկողության ներքո, և փողը, որ Հայաստանի բոլոր մեծահարուստները այսօր կախվածության մեջ են Սերժ Սարգսյանից, և չեն համարձակվի մեկ լումա անգամ տրամադրել իրական ընդդիմությանը: Այսինքն՝ այն ընդդիմությանը, որը դիմադրում է իշխանության պլաններին: Իրենք ունեն այդ ռեսուրսը, մենք էլ ունենք ժողովրդի ռեսուրսը: Հիմա հենց այդ խնդիրն է դրված՝ ով է հաղթելու. իրե՞նք՝ իրենց կեղծարար մեքենայով, ինֆորմացիոն տեռորով, շրջափակումո՞վ, թե՞ մենք՝ համաժողովրդական քվեն ունենալով: Այս է ամբողջ պայքարը»:
Նրա կարծիքով՝ շատ հետաքրքիր բան է ստեղծվել ՀՀԿ-ի քարոզչության մեջ. «Իրենք հասկանում են, որ այս դիմադրությունը կապված է նրա հետ, որ բոլորը գիտեն՝ սա արվում է Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման համար: Հիմա իրենց քարոզչության գլխավոր առաքելությունն այն է, որ թաքցնեն այս նպատակը: Այդտեղ նրանք ընկնում են գիտեք՝ ինչի մեջ: Իրենք ասում են՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ նոր Սահմանադրությամբ չի դառնալու ո՛չ նախագահ, ո՛չ էլ վարչապետ: Մյուս կողմից՝ բոլոր հանրապետականներն ասում են, որ Սերժ Սարգսյանը կպահպանի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը:
Երկու օր առաջ Դավիթ Հարությունյանը հայտարարում է, որ, իհարկե, իշխող կուսակցության ղեկավարը պետք է լինի վարչապետ: Համադրում ես այս բոլոր տեղեկությունները և մտածում՝ այս մարդիկ տրամաբանության հետ գործ ունեցե՞լ են: Այն, որ այս պնդումները հակասում են ու հանրապետականը չի կարող ասել՝ ինչ է անելու Սերժ Սարգսյանը, շատ պարզ բացատրություն ունի: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է շարունակի իր իշխանությունը՝ «գենսեկ»-ի կարգավիճակով»: