«Հայաստանի մարտահրավերների հարցում ՆԱՏՕ-ն ոչինչ չի կարող փոխել». ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ
«Մարտահրավեր եմ տեսնում Հարավային Կովկասում»,- «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցւթյուն. նոր նպատակներ և հեռանկարներ» խորհրդաժողովի ընթացքում այս մասին ասաց ՆԱՏՕ-ի Միջազգային աշխատակազմի Քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Շտեֆան Էլգերսման:
Նա նշեց, որ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում մեծածավալ աշխատանք է իրականացվում: Բանախոսի փոխանցմամբ` հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ն կվերասահմանի գործընկերության նպատակներն առաջիկա երկու տարիների համար, թե ինչի են իրենք ցանկանում հասնել պաշտպանության բարեփոխումների ոլորտում:
«Հաջորդ տարի մենք պետք է լուրջ կերպով մտածենք հաջորդ անհատական գործընկերության գործողությույնների ծրագրի մասին: Այս գործընկերությունը նույնիսկ առավել կարևոր է դարձել ներկայումս»,- ասաց նա: Ըստ Էլգերսմայի` մարտահրավեր կա կոնկրետ կապված Հարավային Կովկասի հետ, քանի որ մի կողմից Հարավային Կովկասի երեք երկրները նույն մարտահրավերների առջև են կանգնած, մյուս կողմից՝ տարբեր ռազմավարական ուղղություններ են ընտրել:
«Արդյո՞ք ՆԱՏՕ-ի շրջանակը, որը մեկն է այս երեք երկրների համար, կարող է օգնել հաղթահարել այս մարտահրավերը: Ինչպե՞ս կարող ենք երաշխավորել, որ առողջ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններ կունենանք ի հեճուկս այն փաստի, որ Դուք շատ էական մարտահրավեր ունեք և, դժբախտաբար, ՆԱՏՕ-ն չի կարող անմիջական փոփոխություններ կատարել հատկապես, երբ խոսքը ԼՂ-ին է վերաբերում և Թուրքիայի հետ հարաբերություններին: ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունների մասին, կարծում եմ, որ դրական գնահատական պետք է տամ, պետք է առաջ նայենք ու տեսնենք էլ ինչ կարղ ենք անել: Սա է ամենակարևորը»,- ասաց Էլգերսման: