
«Սրանք կազմակերպված գործընթացներ են». Լարիսա Ալավերդյանը՝ Ջեյմս Ուորլիքի հայտարարության մասին

«Եթե նկատում եք, աշխարհաքաղաքական դաշտում շատ կտրուկ հայտարարություններ են լինում, որոնք համապատասխանում են կտրուկ փոփոխվող իրավիճակին, սրանք կազմակերպված գործընթացներ են»,- անդրադառնալով երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ թվիթերում արած գրառմանը, նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ջ. Ուորլիքն արձագանքելով ԵԽ ԽՎ-ում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված հակահայկական բանաձևին, գրել էր. «ԵԽ ԽՎ-ն ու մյուս միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ մինչ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևեր կամ զեկույցներ հրապարակելը»:
Լ. Ալավերդյանի խոսքով՝ կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում. «Տվյալ դեպքում Մինսկի խմբի անդամը ցույց է տալիս, որ իր հետ պետք է խորհրդակցեն, դա ցույց է տալիս, որ այդ բանաձևը ԵԽ ԽՎ է մտել՝ առանց պատշաճ պայմանավորվածության»:
Բանախոսի տեսակետից՝ Ուորլիքի նշյալ հայտարարությունն արտացոլանքն է այն շատ փոփոխվող իրավիճակի, որտեղ նախկինում ստեղծված ամեն կազմակերպություն պահանջում է հարգանք իր և իր դաշտի հանդեպ, բայց ըստ նրա՝ գնալով ավելի ակտիվ են տարբեր կազմակերպություններ ընդգրկվելու այս դաշտ: