Կայացել է Չինաստանի ու Թայվանի ղեկավարների պատմական հանդիպումը
Այսօր առավոտյան Սինգապուրում՝ «Շանգրի-Լա» հյուրանոցում, սկսվել է Չինաստանի ու Թայվանի ղեկավարների պատմական հանդիպումը, հայտնում է BBC-ն:
Մինչ հանդիպումը Սի Ցզինպինն ու Մա Ինցզյուն միմյանց ձեռք են սեղմել ու ժպտացել, գրում է արևմտյան մամուլը:
Այս հանդիպումը նման մակարդակով առաջին երկխոսությունն է Պեկինի ու Թայբեի միջև 1949 թվականի քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր:
Հանդիպումը ունի մեծ խորհրդանշական նշանակություն, սակայն ինչ-որ պայմանագրերի մասին, որոնք կողմերը մտադիր են ստորագրել, չի հաղորդվում:
Նշվում միայն բանակցությունների թեման՝ խաղաղություն ապահովել Թայվանի նեղուցում:
«Երկու կողմերն էլ պետք է հարգեն արժեքներն ու միմյանց կենսակերպը»,- Մա Ինցզյուի խոսքերը մեջբերում է Associated Press-ը:
«Մենք մի ընտանիք ենք»,- հավելել է Չինաստանի ղեկավարը:
Թայվանը Չինաստանից առանձնացավ 1949 թվականի քաղաքացիական պատերազմից հետո: Չինաստանը մինչ օրս կղզին համարում է իր նահանգը:
Վերջին 15 տարում Չինաստանի ու Թայվանի միջև հարաբերությունները զգալիորեն լավացել են:
Միևնույն ժամանակ, Սինգապուրի փողոցներում շարունակվում են բողոքի ակցիաները ընդդեմ նախագահների հանդիպման: