Վարորդները կտուգանվեն, եթե մեքենաների ապակիների մգեցվածությունը անթույլատրելի չափով լինի

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսին՝ անդրադառնալով Ճանապարհային ոստիկանության այն հայտարարությանը, թե տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը ըստ սահմանված կարգի չհամապատասխանեցնելու դեպքում Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, ասաց, որ վթարների մեծամասնությունը արագությունը գերազանցելու պատճառով է լինում, իսկ ապակիների լուսաթափանցելիության պատճառներով վթարները քիչ տոկոս են կազմում։

«Բայց փաստ է, որ հաղորդակցումը ևս վթարների պատճառ է դառնում։ Վարորդ-վարորդ և վարորդ- հետիոտն կապը մեծ նշանակություն ունի անվտանգության համար։ Ըստ օրենքի՝ տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետևի դռների ապակիներ և հետևի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր: Խախտման դեպքում վարորդը տուգանվում է 50.000 դրամի չափով»,-ասաց նա:

Է. Հովհաննիսյանը նկատեց՝ չկա այնպիսի քաղաքացի, որը մեքենայի ապակիները չմգեցնի, թեկուզ արտասահմանում մեքենաները թողարկվում են համապատասխան մգեցվածությամբ ապակիներով։ Նա նշեց, որ ոստիկանությունը տուգանքների կիրառումը կսկսի ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթից. «Հիմա չեն սկսում, որովհետև համապատասխան սարքը չունեն։ Սկզբում երևի կտուգանեն 5000 դրամ՝ որպես նախազգուշացում, հետո` 50.000 դրամ»:

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է կատարում ոստիկանության մամուլի խոսնակի դերը՝ վարորդների շահերը պաշտպանելու փոխարեն, Էդուարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես կողմնակից եմ, որ մեքենաների ապակիները լինեն թափանցիկ։ Իսկ վարորդների շահերը պաշտպանում ենք մեր կազմակերպությունում: Մեր առաջարկը Ոստիկանությանը հետևյալն է` պետք է առավելագույն տուգանքը լինի նվազագույն աշխատավարձի չափով՝ 55 հազար դրամ»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս