
Ռուսաստանի ու Եգիպտոսի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի ու Եգիպտոսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանձնարարել շարունակել ակտիվ համագործակցությունը երկու երկրների հատուկ ծառայությունների միջև, այդ թվում՝ կոորդինացնել Ռուսաստանի ու Եգիպտոսի անվտանգության ու ավիացիոն իշխանությունների միջև աշխատանքը, շարունակել ակտիվ համագործակցությունը, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Կրեմլի մամլո ծառայությանը:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել՝ ելնելով Եգիպտոսում ռուս քաղաքացիների անվտանգության ապահովման բարձր չափանիշներից, ինչպես ռուսական կողմից Եգիպտոսի հետ ավիահաղորդակցության կասեցումից:
Ինչպես հայտնել են Կրեմլից, զրուցակիցները հույս են հայտնել, որ արդեն մոտ ապագայում պայմաններ կստեղծվեն վերսկսելու ավիահաղորդակցությունը երկու երկրների միջև:
Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Պուտինը համաձայնել է դադարեցնել ավիահաղորդակցությունը Եգիպտոսի հետ՝ մինչև չպարզվի Սինայի թերակղզում կործանված ինքնաթիռի պատճառը:
Ներկայում, ըստ «Ռոստուրիզմի» տեղեկությունների, Եգիպտոսում գտնվում է մինչև 70 հազար մարդ: