Սահմանին ադրբեջանցիների բացած հողաշեն ճանապարհի վտանգներն արդեն երևում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում գնդակոծել է Բաղանիս գյուղի ծայրին երթեւեկող մեծ բեռնատարը: Գնդակներից վնասվել է «ֆուռի» շարժիչը, անիվներից մեկը շարքից դուրս է եկել: Ոսկեվանի մի քանի բնակիչ բեռնատարի (ազգությամբ օս) վարորդին իրենց տուն են տարել, հյուրասիրել: Նոյեմբերի 4-ին եւ 5-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է նաեւ սահմանագոտու վտանգավոր հատվածը շրջանցող, Հարսնաքարով ձգվող Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը: Ամիսներ առաջ ադրբեջանական զինուժը սահմանի հատվածում կարմիր էքսկավատորով հողաշեն նոր ճանապարհ էր բացում, ինչի մասին «Ժողովուրդը» բազմիցս ահազանգել է:

Սակայն դրան համարժեք արձագանք չեղավ: Այդ ժամանակ մտահոգություն էինք հնչեցրել, որ հողաշեն նոր, լայն ճանապարհի շինարարությունից, դրանով նոր զինտեխնիկա փոխադրելուց հետո ադրբեջանական զինուժը սահմանագծի երկայնքով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին ոտնձգություններ է կատարելու: Ինչը եւ, փաստորեն, տեղի ունեցավ: 1990-ական թվականների երկրորդ կեսին Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհը ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանված էր հողի մեծ թմբերով, որոնք  անվտանգ էին դարձնում երթեւեկը:

Սակայն այդ հողապատնեշները, չգիտես ինչու, քանդվեցին եւ հիմա միջպետական ճանապարհով, սահմանի երկայնքով, երթեւեկը կատարվում է անպաշտպան՝ ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց: Փաստորեն ադրբեջանական զինուժի «բարի կամքից» է կախված այդ հատվածում մեքենաները գնդակոծել-չգնդակոծելը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս