
А321-ի կործանումից 2 ամիս առաջ Սինայի թերակղզում փորձ է արվել խոցել բրիտանական ինքնաթիռ. Daily Mail

Ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող А321-ի ավիաաղետից 2 ամիս առաջ Շարմ-էլ-Շեյխի երկնքում անհայտ անձինք փորձել են հրթիռով խոցել բրիտանական Thomson ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը: Շոկային տեղեկությունը նոյեմբերի 6-ի երեկոյան տարածել է բրիտանական Daily Mail թերթը:
Ինչպես պնդում է պարբերականը, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, երբ ինքնաթիռն իր 189 ուղևորներով ուղևորվել է Լոնդոնից Շարմ-էլ-Շեյխ: Վայրէջքի ժամանակ օդաչուն նկատել է ինքնաթիռի ուղղությամբ եկող հրթիռն ու կարողացել է կտրուկ ձախ շրջադարձ կատարելով խուսափել հարվածից, որն անցել է ինքնաթիռից մոտ 300 մետր հեռավորության վրա:
Այդ ժամանակ, ինչպես գրում է Daily Mail-ը, օդաչուներին ասվել է, հրթիռն արձակվել է Եգիպտոսի բանակի զորավարժությունների ժամանակ: Ինքնաթիռի ուղևորներին, ովքեր հրաշքով էին փրկվել մահից, տեղի ունեցածի մասին ընդհանրապես ոչինչ չեն հայտնել:
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի դեպարտամենտը լրագրողների հարցումներին ի պատասխան հաստատել է տեղեկությունը, թե Thomson ավիաընկերության աշխատակիցների պատմածը համապատասխանում է իրականությանը:
Հիշեցնենք, որ ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող А321-ը, որը Շարմ-էլ-Շեյխից ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ, աղետի է ենթարկվել Սինայի թերակղզում թռիչքից 23 րոպե անց: