
Ոստիկանությունը հետապնդում է «Ո՛Չ»-ի պայքարին մասնակցող «Նոր Հայաստան» ճակատի երիտասարդ աջակցին

Երեկ «Նոր Հայաստան» ճակատի երիտասարդ աջակից Սմբատ Բարսեղյանին անձամբ կամ միջնորդավորված կերպով հեռախոսով զանգել են ոստիկանության ծառայողներ և սկզբում փորձել են իմանալ նրա բնակության հասցեն և ուսման վայրը, իսկ այնուհետև պահանջել են ներկայանալ ոստիկանություն:
Սմբատ Բարսեղյանը, օգտվելով Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված իրավունքներից, իր մասին որևէ տեղեկություն չի հայտնել և հրաժարվել է բանավոր պահանջով ներկայանալ ոստիկանություն:
Սմբատ Բարսեղյանի նկատմամբ ոստիկանության առանձնահատուկ վերաբումունքի պատճառը նրա քաղաքական ակտիվությունն է, ինչը վերջին շրջանում դրսևորվել է Վանաձորում անցկացված «Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքի ժամանակ, որի ընթացքում ոստիկանությունը անհամաչափ ուժ և բռնություն է գործադրել նրա նկատմամբ:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը երիտասարդ քաղաքացու նկատմամբ ոստիկանության այս ապօրինի գործողությունները գնահատում է որպես հոգեբանական ճնշման միջոցով իրականացվող քաղաքական հետապնդում, որի նպատակն է երիտասարդությանը ետ պահել վարչախմբի մոգոնած նոր սահմանադրությանը «Ո՛Չ» ասելու քարոզչությունից ու պայքարից:
«Նոր Հայաստան»