Կրեմլը Charlie Hebdo-ի ծաղրանկարները «սրբապղծություն» է անվանել
Կրեմլը ֆրանսիական հեղինակավոր Charlie Hebdo ամսագրի՝ Եգիպտոսում կործանված ռուսական А321-ի կործանումը պատկերող ծաղրանկարներն անվանել է «սրբապղծություն»: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում, հայտնում է LifeNews-ը:
«Մեր երկրում դա կոչվում է այս բառով՝ «սրբապղծություն»: Դա կապ չունի ո´չ դեմոկրատիայի, ո´չ ինքնարտահայտման հետ»,- հայտարարել է Պեսկովը՝ նշելով, որ դատողություններ չի անի ֆրանսիացիների բարոյական չափանիշների մասին:
«Դրա հետ միասին, եկեք չմոռանանք, որ դա բավական փոքր տպաքանակով պարբերական է, բավական վիճահարույց ու շատերը այն չեն ընկալում որպես պարբերական: Սակայն նման պարբերականները բացարձակապես տեղին չեն մեր բազմազգ ու բազմակրոն երկրում»,- ընդգծել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ ամսագիրը հրապարակել է երկու ծաղրանկար՝ նվիրված Եգիպտոսում կործանված ռուսական А321 ինքնաթիռին:
Առաջին ծաղրանկարում պատկերված է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մի ահաբեկիչ, ով բռնել է գլուխը՝ այն ինքնաթիռի բեկորներից պաշտպանելու նպատակով: Ծաղրանկարին կից կա նաև մակագրություն, որի բովանդակությունը հետևյալն է. «Ռուսական ավիացիան ուժեղացնում է ռմբակոծումը»: Երկրորդում պատկերված է գանգ՝ արևապաշտպան ակնոցով, իսկ դրա հետևում կործանված ինքնաթիռն է: Ծաղրանկարի վրայի գանգը հայտարարում է, որ պետք է թռչեր Air Cocaine-ի չվերթով: