
Ադրբեջանը 100 տարի անց էլ կկարողանա գազ մատակարարել ոչ միայն իրեն, այլև հարևաններին ու Եվրոպային. Իլհամ Ալիև

Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրն ունի բավականաչափ բնական գազ, որպեսզի Եվրոպային գազով ապահովի նաև 100 տարի անց, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Ադրբեջանն ունի գազի մեծ պահուստներ: Անգամ 100 տարի անց մեր երկիրը կկարողանա գազով ապահովել ոչ միայն իրեն, այլև հարևաններին ու Եվրոպային: Ադրբեջանում ստեղծվել է բեռների տարանցման հետ կապված հանձնաժողով, ու ցանկանում ենք Վրաստանի հետ միասնական քաղաքականություն իրականացնել բեռնաշրջանառությունը մեծացնելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևի հայտարարությունը տվյալ դեպքում պատասխան է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի այն հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանը չունի հնարավորություն Վրաստանին մատակարարել գազ, ինչի պատճառով էլ Վրաստանի էներգետիկայի նախարարությունը սկսել է բանակցությունները ռուսական «Գազպրոմի» հետ: