
Վրաստանն ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են տարածքային ամբողջականության հարցում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են բոլոր ոլորտներում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Ինչպես Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Իլհամ Ալիևը, Վրաստանն ու Ադրբեջանը բեղմնավոր կերպով համագործակցում են միջազգային նախագծերի շրջանակում:
«Բոլոր հարցերում, հատկապես տարածքային ամբողջականության հարցում, մենք աջակցում ենք միմյանց: Միջազգային կազմակերպություններում միասնական դիրքորոշմամբ հանդես գալը ստեղծել է բեղմնավոր հող»,- հայտարարել է Ալիևը:
Նա հայտարարել է, որ բոլոր հակամարտությունները, այդ թվում՝ Ադրբեջաննի ու Վրաստանի տարածքում, պետք է լուծվեն ինքնիշխանության ու սահմանների պահպանության սկզբունքի հիման վրա:
«Արդեն երկար տարիներ Ադրբեջանի հին ու պատմական հողը՝ Լեռնային Ղարաբաղը, օկուպացված է: Ցավալի է, որ այդ հակամարտությունը չի հաջողվել լուծել՝ չնայած այն բանին, որ բոլոր միջազգային կազմակերպությունները լծված են այդ հարցին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: