Բաժիններ՝

Ինքը երկինքը շատ էր սիրում. Սուդանում զոհված հայ օդաչուն Արցախյան պատերազմի մասնակից էր. news.am

Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ին կործանված բեռնատար օդանավի անձնակազմի հրամանատար, 55–ամյա Գեւորգ Թովմասյանի ընտանիքը դեպքի մասին լրատվամիջոցներից է տեղեկացել, կինը եւ դուստրերը մինչեւ վերջին պահը իրենք իրենց համոզել են, որ Գեւորգն այդ օդանավում չէ:

«Ոնց որ հատուկ հեռուստացույցը միացնեի, որ էդ նախադասությունը լսեի: Ինձ համար արդեն պարզ էր, բայց որ ասացին՝ ռուսական անձնակազմ է, մտածեցի` ինքնաթիռները փոխարինել են, անընդհատ սփոփանք էինք ման գալիս, որ իրենք չեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է զոհված օդաչուի կինը՝ Գոհար Սարգսյանը:

Լուսանկարում նստածը կործանված օդանավի անձնակազմի հրամանատար Գեւորգ Թովմասյանն է, ձախից` ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանը:

Գեւորգ Թովմասյանի կինը պատմեց, որ ամուսինը երկար տարիներ աշխատել է որպես ռազմական օդաչու, բազմիցս դժվարին չվերթներ է իրականացնել, Արցախյան պատերազմի տարիներին ուղղաթիռով վիրավորներ է տեղափոխել եւ դեղորայք հասցրել մարտի դաշտ:

«Գեւորգը անկախ Հայաստանի շտուրմանի վկայական ստացած առաջին օդաչուն է եղել, ոչ ոք չգնահատեց իր արածը, 1999թ. տեղափոխվեցինք Գերմանիա, 2005-ին վերադարձանք: Մի տարի անգործ մնաց, որոշ ժամանակ «Էյր Արմենիայում» աշխատեց, փակվելուց հետո ստիպված մեկնեց արտեկիր աշխատանքի, որպեսզի փող աշխատի»,-ասաց տիկին Գոհարը:

Զոհված օդաչուհի կինը վստահ է, որ օդանավը անսարքության հետեւանքով է կործանվել:

«Ինչքան եղանակը վատ լիներ, ինչքան ամպամած լիներ, իրենք անցնող էին հաստատ: Տեխզննում անցած ինքնաթիռը նման ժանգոտած տեսք չէր կարող ունենալ: Թքում կպցնում են, էդ մարդկանց էլ տանում են աշխատանքի, կյանքների հետ խաղում, բա ո՞վ պետք է պատասխան տա: Իմ աղջիկը երեկվանից ասում է՝ պապային եմ ուզում: Պիտի սկայպով կապվեին, խոսեին»,- արտասվելով պատմում էր Գեւորգ Թովմասյանի կինը:

Գոհար Սարգսյանի խոսքով՝ ամուսինը միշտ երազել է օդաչու լինել, 1970թ. ծնողներից գաղտնի ընդունվել է Արմավիրի ռազմական ավիացիայի օդաչուների բարձրագույն ուսումնարան, 1983թ. ավարտել եւ հատուկ նշանակմամբ գործուղվել է Մոլդովա:

«Միշտ ասում էի՝ ոնց ես ընտրել էս մասնագիտությունը: Ինքը երկինքը շատ էր սիրում, որ օրը չէր թռչում, մռայլ էր տուն գալիս, բայց որ օրը թռիչքի էր, ոգեւորված էր լինում, շատ էր սիրում թռչել, «աս» էին ասում»,-ասաց տիկին Գոհարը:

Օդաչուի ընտանիքը եւ հարազատները դեռեւս չգիտեն, թե երբ Հայաստան կտեղափոխվի նրա մարմինը:

20151105_162447[1]

Գեւորգ Թովմասյանը ընտանիքի հետ դստեր հարսանիքին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս