А321-ում ռումբը կարող էր ինքնաթիռում տեղադրվել թռիչքից առաջ. Բրիտանիա
Բրիտանական հատուկ ծառայությունները ենթադրում են, որ Սինայի թերակղզում կործանված ռուսական «Կոգալիմավիա» ընկերության А321 ինքնաթիռում կարող էին Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանից թռիչք կատարելուց առաջ ռումբ տեղադրել:
Ինչպես հաջողվել է պարզել BBC-ին, բրիտանացի փորձագետները ենթադրում են, որ պայթուցիկ սարքը կարող էր տեղադրվել ինքնաթիռի բեռնախցիկում:
Ռումբի վարկածը բրիտանացի հատուկ ծառայությունները սկսեցին շրջանառել մի շարք հաղորդագրություններից հետո, որը փոխանակել էին իսլամիստները Սինայի թերակղզում:
Աղետի հստակ պատճառը հայտնի չէ: Կրեմլում ավելի վաղ հայտարարել են, որ ինքնաթիռի կործանման մասին վարկածներ կարող է առաջ քաշել միայն հետաքննությունը:
Ինչպես երեկ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, մյուս բոլոր ենթադրությունները կրում են չճշտված տեղեկության ու սպեկուլյացիաների բնույթ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան չեղյալ էր հայտարարել բոլոր ավիաչվերթերը Շարմ-էլ-Շեյխից: Երկրի քաղաքացիները պետք է այսօր դուրս բերվեն Եգիպտոսից, սակայն առանց ուղեբեռի: Նրանց կթույլատրվի իրենց հետ տանել միայն ձեռքի պայուսակներ: