Այծի պանրի և այլ մթերքների պատշաճ գովազդումը զբոսաշրջիկների շրջանում կօգնեն տեղացի ֆերմերներին ստանալ հավելյալ եկամուտներ
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի ուղեկցությամբ այցելեց Վայոց Ձորի մարզում ԱՄՆ աջակցությամբ գործող մի շարք գյուղատնտեսական ընկերություններ: Այցը կազմակերպված էր ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարված գյուղատնտեսության և գյուղի զարգացման միամսյակի շրջանակներում:
Այցի ընթացքում շրջայց կատարվեց Եղեգնաձորի ԱՐԻԴ այծաբուծական կենտրոնում, որը հիմնադրվել է 1999 թվականի ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության ծրագրի կողմից: Գենետիկ գիտության կիրառման, ինչպես նաև տեխնիկական աջակցության, գենետիկ փորձերի և անասնաբուժական խորհրդատվության տրամադրման միջոցով կենտրոնն օգնում է մշակել անկախ և տնտեսապես կենսունակ միջոցներ՝ ուղղված Հայաստանում կաթնատու այծերի աճեցմանն: ԱՄՆ գյուղդեպարտամենտի «Ագրոտուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում վերջերս ԱՐԻԴ կենտրոնը սկսել է հետաքրքրվել նաև ագրոտուրիզմի հնարավորություններով: Այծի պանրի և այլ մթերքների պատշաճ գովազդումը զբոսաշրջիկների շրջանում կօգնեն տեղացի ֆերմերներին ստանալ հավելյալ եկամուտներ:
«Ուրախ եմ տեսնել այս ընկերությունը: Սա ոչ միայն հաջողակ գիտական գործունեության իրականացման միջոցով Հայաստանում այծաբուծության որակը բարելավող նախաձեռնություն է, այլ նաև լուրջ հեռանկարներ է բացում գյուղի բարիքներն ու դարերի ընթացքում հղկված տնտեսավարման գիտելիքները ներկայումս տուրիզմի զարգացմանը ծառայեցնելու համար», – ասաց դեսպան Միլսը:
Աղնջաձորի կաթի հավաքման կետում դեսպանն ու փոխնախարարը հանդիպեցին նաև կաթնամթերք արտադրող կոոպերատիվների ներկայացուցիչներին: Կառույցը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI) ծրագրի կողմից: 5 տարի տևողությամբ և 4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրը մեկնարկել է 2013-ի սեպտեմբերին: Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղական զբաղվածությունն ու եկամուտները:
«Ֆերմերների հետ զրույցներիցս հասկացել եմ, որ ցանկանում են ավելի շատ կաթ վաճառել և անել դա շարունակաբար, – ասաց դեսպան Միլսը, – ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ գործող կոոպերատիվի շնորհիվ նրանք ունեն բոլոր գործիքներն ու ռեսուրսները կլոր տարին երկարաժամկետ աշխատանք և եկամուտ ունենալու համար»:
Այցի վերջին կետը Սալլի գյուղում գտնվող «Սելիմ» այծի պանրի արտադրամասն էր: Այս կառույցը հիմնադրվել էր 2002 թվականին ԱՄՆ գյուղդեպարտամենտի Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) ջանքերով: Օգտագործելով տեղական այծի կաթ՝ նրանք արտադրում են ֆետա պանիր տեղական սպառման և արտահանման համար: Հիմնադրումից ի վեր՝ CARD-ն աջակցում է արտադրամասին տեխնիկական վերապատրաստման, ապրանքատեսակի զարգացման հարցերում, ինչպես նաև աջակցում է ֆինանսապես՝ օգնելով մեղմել արտարժույթի փոխարժեքի տատանման հետևանքները:
«Հպարտանում եմ՝ տեսնելով, թե ինչպես է տարբեր շրջաններում մեր տրամադրած աջակցությունը կաթնամթերքի արտադրությանը տվել իր արդյունքները, ինչի վկայությունն է այս կառույցների տպավորիչ և արհեստավարժ գործունեությունը,- ասաց դեսպան Միլսը, – Նույնիսկ տրամադրվող համեստ աջակցության պայմաններում հայ ֆերմերները կարողանում են դառնալ մրցունակ տարածաշրջանային արտահանման շուկայում: Սա նպաստում է եկամուտի ավելացմանը ոչ միայն այստեղ, այլ ողջ Հայաստանի տարածքում»:
Դեսպանն ու փոխնախարարն այցն ավարտեցին ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի կողմից աջակցություն ստացող Ռինդի, Չիվայի, Ելփինի համայնքապետերի և համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներով: Այս ֆերմերները միրգ են աճեցնում և վաճառում մայթեզրյա տաղավարներում կամ շուկաներում: Նրանց գործունեությունն էլ ավելի ընդլայնելու համար ԱՄՆ ՄԶԳ աջակցում է նրանց ոռոգման ծրագրերով և սառնարանային տնտեսություններով՝ հնարավորություն տալով նրանց իրենց բերքը վաճառել ամբողջ Հայաստանում: Այս ծրագրի շրջանակներում կբացվեն նաև 420 մարդու համար նախատեսված երկարաժամկետ աշխատատեղեր: