«ՀՀԿ-ն հարայ-հրոցով քարոզարշավ չի անելու». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռեւս հոկտեմբերի 28-ին Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցությունը նոյեմբերի 1-ին կսկսի սահմանադրական փոփոխությունների ակտիվ քարոզչությունը։ Սակայն մինչեւ այսօր ՀՀԿ-ն որեւէ ակտիվություն չի ցուցաբերում՝ բացի ՀՀԿ շտաբում երեկոյան ժամերին անցկացվող հանդիպումները։ Ըստ մեր տեղեկությունների՝ շտաբում ընդգրկված ՀՀԿ-ականներից շատերը կարծում են, որ պետք չէ մեծ միջոցառումներ իրականացնել, մարդկանց հավաքել, քանի որ մարզպետները, քաղաքապետերն ու գյուղապետերը այս ժամանակահատվածում տեղերում կաշխատեն։

Մենք զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ, ով հավաստիացրեց, որ ՀՀԿ-ականների ակտիվ քարոզչությանն ականատես կլինենք արդեն ամենակարճ առաջիկայում։

– Պարոն Ավետիսյան, այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ-ին որեւէ կերպ չի վերաբերում դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեն, քանի որ այս ժամանակահատվածում Ձեր կուսակցությունը որեւէ տեսանելի քայլ չի կատարում՝ հանրությանը իրազեկելու եւ քարոզելու ուղղությամբ։ Ինչո՞ւ եք այդքան «պասիվ», ինչո՞ւ քարոզչություն չեք իրականացնում։

– Մենք ժամանակին, հստակ ամեն ինչ կանենք, ու այնպես չի, որ հարայ-հրոցով ենք անելու, նորմալ, ամեն ինչը տեղը տեղին լինելու է։ Իսկ քարոզչության միջոցները տարբեր են՝ հեռուստատեսությամբ, մամուլով անմիջական մարդկանց հետ շփումներով, որն ինձ համար ավելի գերադասելի է։ Մենք երկուսն էլ անելու ենք, քարոզչական համապատասխան նյութեր էլ ենք ունենալու։ Իհարկե, այսպես մեծ հավաքներ չենք ունենալու, բայց կոնկրետ աշխատանքովզբաղվելու ենք ու հիմա էլ զբաղվում ենք։

– ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, սակայն, հայտարարել էր, որ արդեն նոյեմբերի 1-ից ՀՀԿ-ն ակտիվ քարոզչություն է իրականացնելու։ Ի վերջո, այդ ակտիվությունը լինելո՞ւ է, թե՞ ոչ։

– Տեմպը կամաց-կամաց ենք տալիս, էլի, որպեսզի մի անգամից բան չլինի… Եթե, օրինակ, կոնկրետ ինձ եք հարցնում, ապա ես Գյումրիում վաղուց հանդիպումներ ունենում եմ տարբեր մարդկանց հետ, տարբեր կոլեկտիվների հետ, տարբեր ձեւաչափերով, հեռուստատեսությամբ, այնպես որ, մենք անում ենք մեր գործը, մեր քարոզչությունն իրականացնում ենք, այնպես չէ, որ մենք որեւէ բան չենք անում։ Շատ ակտիվ հիմա չենք անում, բայց կամաց-կամաց ակտիվանալու ենք, այդ ակտիվությունը կզգացվխ մենք չենք շտապում, մենք մեկ ամիս ժամանակ ունենք, այնպես որ, մենք այդ ժամանակահատվածում կարող ենք նորմալ մեր աշխատանքներն իրականացնել։ Մենք այնպես ենք պլանավորել մեր գործերը, որ մեզ լրիվ բավարար է այդ մեկ ամիսը»։

 

Տեսանյութեր

Լրահոս