Ի՞նչ հետևանքներ կունենա ԵԽԽՎ տխրահռչակ զեկույցը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ի՞նչ հետեւանքներ կունենա ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում երկու օր աոաջ ընդունված բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոթլերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» տխրահռչակ զեկույցը, որքան էլ որ հայկական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները եւ պատգամավորները փորձեն պատկերավոր նկարագրել բրիտանացի պատգամավորի սերն առ ադրբեջանական խավիարը, մանավանդ, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը շատ հավանական համարեց, որ զեկույցը կընդունվի նաեւ հունվարին կայանալիք ԵԽԽՎ լիագումար նիստում։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն այս թեմայով «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ բրիտանացի պատգամավորի խավիարասիրության մասին նկարագրումները ճշմարտություն են, բայց խնդիրն այն է, որ այժմ իրար ենք խառնվել, մինչդեռ այդ զեկույցի մասին իմացել ենք մեկ տարի աոաջ, երբ այն հաստատվում էր. «Այն ժամանակ էլ է եղել պայքար երկու զեկուցողների միջեւ։ Ադրբեջանը կարողացավ անել ամեն ինչ, որ հենց այս զեկուցողն անցնի։ Մյուս զեկուցողը, որը ավելի ընդունելի կլիներ բոլորիս համար, վստահ եմ, որ նրա պարագայում նույնիսկ զեկույցի անվանումը փոխելու հնարավորության կլիներ, չհավաքեց անհրաժեշտ ձայներ»։ Ինչեւէ։ Թեւան Պողոսյանը փաստում է, որ այս զեկույցը միշտ էլ յինելու եւ ընկալվելու է միակողմանի, կողմնակալ զեկույց

Ըստ նրա՝ այս զեկույցի բովանդակությունն Ադրբեջանին անհրաժեշտ էր իր ապագա քայլերի համար. «Ամեն անգամ հղումներ են անելու, քանի որ ՄԱԿ-ի չորս բանաձեւերն այլեւս չեն աշխատում, հայկական կողմը գտել է դրանց հակադարձումները։ Ադրբեջանին հիմա նոր փաստաթուղթ է հարկավոր։ Մենք այս ամենը պիտի գիտակցենք ՝ այդ փաստաթուղթը մի կողմից՝ որեւէ հարց չի լուծելու, բայց բանակցային գործընթացի վրա ազդելու է բացառապես բացասական իմաստով։ Ռուսական կողմը չի մասնակցում այդ նիստին, բայց ֆրանսիական կողմը մասնակցում էր, եւ հայկական կողմը Մինսկի խմբի առնվազն մեկ համանախագահ երկրի հարց ունի՝ ո՞ւր էին Ձեր պատվիրակները, որ բանակցությունների մոտեցումներին լիակատար հակաոակ եւ անհասկանալի տեքստեր են ընդունում։

Այդ փաստաթուղթը միառժամանակ հետո կկորի։ Բնականաբար, մենք պետք է փորձենք նոր փաստաթղթեր բերել եւ այլն, բայց այստեղ խնդիրն այն է, թե որտե՞ղ է մեր համակարգված աշխատանքը»։

Դիտարկմանը, որ համառորեն չենք ցանկանում անցյալից դասեր քաղել, նա հակադարձեց. «Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց եղած դիրքում եւ հնարավորություններում իրենք պետք է նախաձեռնեն այդ համակարգային համագործակցության աշխատանքը»։ Նա համաձայն չէ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանր հետ, ով երեկ խորհրդարանում այս առիթով անդրադարձի ժամանակ հայտարարեց ՝ իրենք, իբրեւ դիվանագետներ, իրենց աշխատանքն անելու են։ «Կներեք, սա Ձեր պատգամավորների աշխատանքն էր։ Մենք պատրաստ ենք ձեզ օգտակար լինել։ Ոչ թե երեք, այլ միգուցե 25 անգամ պետք էր գնալ այդ մարդկանց մոտ եւ խորհրդակցել։ Միգուցե նաեւ պետք էր այս արտահերթը կանգնեցնել, եւ այն պատգամավորներին, ովքեր ծանոթներ ունեն, գիտեն, փորձ ունեին, գործուղեին այնտեղ աշխատելու։ եթե պետք է՝ անգամ ամիսներ անցկացնեին եվրոպական երկրներում, որպեսզի մարդիկ գնային ու գիտակցաբար թույլ չտային նման զեկույցի ընդունումը։ Մենք էլ, վերջո, պետք է սկսենք համակարգային աշխատել, ինչպես արդեն քանի տարի աշխատում է Ադրբեջանը ՝ ձեւավորելով իր անձնական լոբբիստներին։ Կաարեևոր չէ՝ գումար կլինի, խավիար, թե նվեր, բայց իրենք պատրաստ են վեր կենալ գնալ ու պաշտպանել ադրբեջանական շահը։ Մենք դա չունենք եւ պետք է հասկանանք, թե ի՞նչ արժեքի վրա պետք է աշխատենք, որ միշտ ավելին կարողանանք հակադրել Աղրբեջանին։ Մենք թողնում ենք պատվիրակության հինգ հոգու վրա, հետո սկսում ենք նրանց մեղադրել։ Այո, ինստիտուցիոնալ կերպով աոաջին գծում նրանք են, բայց պատկերացրեք, որ աոաջին գծում կանգնած է ամենալավ զինվորը, բայց թիկունք չունի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս