ԵԽԽՎ-ն, խավիարը և խաշը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ինչպես եւ ցանկացած իրադարձություն, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերաժողովի քաղաքական հանձնաժողովի հակահայկական զեկույցը Հայաստանի քաղաքական շրջանակներում արժանացավ ծայրահեղական գնահատականների: Ընդդիմադիրներն, ըստ էության, պնդում են, որ դա աշխարհի վերջն է եւ, իհարկե, բավարար հիմք է, որպեսզի տեղի ունենա իշխանափոխություն, իրենք գան իշխանության, փրկեն ազգը եւ, ինչու չէ՝ ողջ մարդկությունը: Իշխանությունն էլ ասում է՝ ուշադրություն մի դարձրեք, դատարկ բան է, ինչ-որ կաշառված եվրապատգամավորներ հավաքվեցին մի քանի հոգով, ինչ-որ թուղթ գրեցին, որը ոչ մի իրավական ուժ չի ունենա:
Եթե ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն այդքան անկարեւոր է, ապա պետք չէ ծախսել մեր համեստ բյուջեի գումարներն ու մեր պատգամավորներին ուղարկել եվրոպական տարբեր քաղաքներ՝ մասնակցելու տարբեր միջոցառումների: Ինձ թվում է՝ քաղաքական, քարոզչական առումով նման փաստաթղթերը կարեւոր են: Հետեւաբար, մեր պատվիրակության անդամները պետք է շատ վարժ կարողանան խոսել անգլերեն, ունենան քաղաքական եւ դիվանագիտական որոշակի պատրաստվածություն, ինչպես նաեւ շփման հմտություններ ԵԽԽՎ այլ պատվիրակների հետ: Եթե ներկայիս պատվիրակության անդամները չեն համապատասխանում այդ պահանջներին, ապա նրանց պետք է փոխարինել:
Ի վերջո, ԱԺ պատգամավորների թվում կա երկու նախկին արտգործնախարար: Կարելի է վերանալ ներքաղաքական տարաձայնություններից եւ նրանց առաջարկել մտնել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմի մեջ: Եթե հրաժարվեն, դրանից էլ կարելի է հետեւություններ անել: Ո՛չ հանձնաժողովի անդամ պատվիրակների՝ ադրբեջանցիների կողմից կաշառված լինելը, ո՛չ էլ զեկույցի հեղինակ Ռոբերտ Վալթերի ադրբեջանական լոբբիստ լինելը մեր պատվիրակության վատ աշխատանքի համար արդարացում չեն կարող լինել: Բայց ամեն ինչ բարդել Հերմինե Նաղդալյանի եւ պատվիրակության այլ անդամների վրա, ինձ թվում է, նույնպես ճիշտ չէ: Նախ՝ բավականին տարօրինակ է, որ այդ ամենից արտգործնախարարությունը «ձեռքեր է լվանում»՝ «սա խորհրդարանական դիվանագիտություն է» պատրվակով: ԱԳՆ համապատասխան կառույցները եւ «դիվանագետ-պատգամավորները» պետք է միասնական թիմ լինեն: Բայց խնդիրը, իմ կարծիքով, ավելի խորն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: