«Դե, լավ էլի, արա… Դուք արդեն…». Նախարարը՝ լրագրողին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այն եզակի պաշտոնյաներից է, որի դեպքում դժվար է ասել, թե նրան ինչու են նշանակել: Ու նույնիսկ եթե նրան ազատեն եւ փոխարենը որեւէ մեկին չնշանակեն, ապա սպորտի և երիտասարդության հարցերում ոչինչ չի փոխվի: Բայց պարզվում է՝ այս իրավիճակը խիստ զայրացրել է նաև հենց նախարարին:
Հիշեցնենք, որ երբ լրագրողները հայկական ֆուտբոլում տիրող վիճակի մասին մեկ շաբաթ առաջ փորձել էին նախարարից մեկնաբանություն ստանալ, պարզվել էր, որ նա այդ սպորտաձեւով չի հետաքրքրվում:
Ակնհայտ էր դարձել, որ Ղազարյանը ֆուտբոլի անունը լսելուց անգամ վախենում է, քանի որ չգիտի, թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ինչպես կընդունի այդ քայլը և արդյոք չի որոշի պատժել իրեն: Եվ որպեսզի լրագրողները այլևս իրեն այդ տհաճ փաստի առաջ չկանգնեցնեն, Գաբրիել Ղազարյանը նոր մարտավարություն է որդեգրել. նա նախ փորձում է լռեցնել լրագրողներին:
Ու այդ «պատասխանատու» գործը նա վստահել է իր վարորդին, որը երեկ փորձել է «Ժողովուրդ»-ի լրագրողին հրելով՝ հեռացնել նախարարի ճանապարհից, որպեսզի նա տհաճ հարցերով Ղազարյանի անդորրը չխանգարի: Իսկ երբ նախարարը համոզվել է, որ այդ մեթոդը եւս լուծում չէ, ստիպված սկսել է հարցերին պատասխանել՝ ակնհայտ անհարգալից տոնով խոսելով լրագրողի հետ. «Դե, լավ էլի, արա… Դուք արդեն … չի կարելի չարաշահել իմ համբերությունը»: Այսպիսով, նախարարը ի ցույց է դրել իր դաստիարակությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: