Տուլայի ավտովթարը տեղի է ունեցել վարորդի՝ ղեկին քնելու հետևանքով. ՌԴ ՆԳՆ
Տուլայի մարզում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի պատճառը, որի հետևանքով մահացել է Հայաստանի 8 քաղաքացի, եղել է ղեկին քնած վարորդը, այսօր հայտարարել է ՌԴ ներքին գործերի փոխնախարար, քննչական դեպարտամենտի պետ Ալեքսանդր Սավենկովը։
«Ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների ոլորտում բարձր վթարայնության պատճառներից մեկը վարորդների կողմից աշխատանքի ու հանգստի ռեժիմի խախտումն է: Դա համընդհանուր խնդիր է: Անգամ, եթե վերցնենք վերջին օրերի իրադարձությունները, Տուլայի մարզում Հայաստանի Հանրապետություն մեկնող ավտոբուսի մեծ վթարը նույն պատճառով է տեղի ունեցել՝ վարորդը պարզապես քնել էր ղեկին»,- ասել է Սավենկովը՝ հանդես գալով Պետդումայի անվտանգության ու կոռուպցիայի հակազդման կոմիտեի նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը վթարի էր ենթարկվել նոյեմբերի 3-ին Տուլայի մարզում: Ավտոբուսում եղել է ավելի քան 60 մարդ, բոլորը՝ Հայաստանի քաղաքացիներ:
Վթարի հետևանքով մահացել է 8 մարդ, տուժել՝ 48-ը, նրանցից 11-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պետավտոտեսչությունը հայտնաբերել էր ու արգելել էր Ռուսաստանի տարածքում շահագործել Մոսկվայից Երևան ուղևորվող ևս երկու նմանատիպ ավտոբուս: