Հասկացանք՝ հայտնի երգչուհի է, թող դատի տա, ես մեղավոր չեմ. բժիշկը՝ Աիդա Սարգսյանի մոր մահվան մասին. news.am
Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի անեսթեզիոլոգ Հրանտ Կարապետյանը, որին երգչուհի Աիդա Սարգսյանը մեղադրում է իր մոր մահվան մեջ, իրեն մեղավոր չի համարում:
«Եթե մեղադրում է, թող դատի տա, ես մեղավոր չեմ: Մեր ժողովուրդը ընդհանրապես իր չարածի համար սովոր է մենակ բժիշկներին պախարակել: Մենք ինչ որ մեր գործառույթներն է եղել, 100% -ով ենք կատարել, եթե ոչ ավելին: Պարզապես պետք է ստամոքսի քաղցկեղը ժամանակին բուժեին, ոչ թե բերեին մահամերձ վիճակում, ուռուցքը քայքայվեր, անոթն էլ տար հետը քայքայվեր, արյունահոսություն սկսվեր, նոր դիմեին բժիշկներին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է անեսթեզիոլոգը:
Հրանտ Կարապետյանը, որը նաեւ «Հոսպիս» ծերերի խնամքի կենտրոնում խորհրդատու է եղել նախկինում, պատմեց, որ Աիդա Սարգսյանի մորը բերել են կենտրոն, որտեղ ինքը ձեռքով շոշափելով ասել է, որ կնոջ լյարդը մեծացած է, նաեւ արնահոսություն է նկատել, սակայն կենտրոնի պայմաններում անհնար է եղել բուժօգնություն ցուցաբերել, խորհուրդ է տվել տեղափոխել Միքայելյան հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունք:
«Ես ախտորոշել եմ, որ լյարդը չափերով մեծացած էր, որից հետո անհանգստացել ենք, տոմոգրաֆիա ենք արել, տոմոգրաֆիան ժխտել է մետաստազները: Իրենց հետ խոսել եմ, ասել՝ եթե հանկարծ նորից արնահոսություն լինի, մենք չենք կարողանալու փրկել: Դրա համար առաջարկել եմ, որ ռեանիմացիոն բաժին տեղափոխվի, իրանք համաձայնությունը տվել են: Եթե արնահոսությունն էլ կանգնեցնեին, այդ հիվանդին փրկել հնարավոր չէր, որովհետև ուռուցքը ստամոքսում արդեն այն ստադիայում էր, որ վիրահատության ենթակա չէր»,-ասաց բժիշկը:
Հրանտ Կարապետյանը վստահ է իր անմեղության մեջ, նրա խոսքով, նույնիսկ պատրաստ է դատարանում դա ապացուցել:
«Եթե կասկածներ ունի, թող դիմի դատարան: Հասկացանք՝ հայտնի երգչուհի է, մարդկային գործոնն էլ ենք հասկանում, բայց չի կարելի ամեն դեպքի համար մեղքը բժիշկների վրա գցել: Կնոջ մոտ վերջին փուլում գտնվող ստամոքսի քաղցկեղ էր, բժիշկներն անզոր էին փրկել նրա կյանքը: Հերձում կա, բան կա, ամեն ինչ կպարզվի»,-ասել է անեսթեզիոլոգը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: