Արդյոք գումարներ հատկացվելո՞ւ են 2016թ. ԵՄ-ի հետ բանակցությունների համար
Եվրամիության հետ բանակցությունների համար հաջորդ տարվա բյուջեի նախագծով առանձին գումար չի նախատեսվել: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ պատասխանելով «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե արդյոք գումարներ հատկացվելո՞ւ են 2016թ. ԵՄ-ի հետ հանդիպումների, բանակցությունների համար:
«Նման հանդիպումների ծախսերի համար հայտ չի տրամադրվել: Եթե հստակեցում մտցվի՝ քանի մարդ է գնալու ու քանի օրով են մնալու, ապա ասեմ, որ մենք ունենք գործուղումների համար նախատեսված տող ու պահուստային ֆոնդ, այնտեղից կտրամադրվեն գումարները»,- նշեց Պ.Սաֆարյանը:
Ըստ նրա՝ ԵՄ-ից սպասում են բյուջետային աջակցության դրամաշնորհ՝ 24 մլն եվրոյի չափով, որը 3 տարբեր ծրագրերի համապատասխան տրանշների հանրագումար է, մասնավորապես՝ աջակցություն ՀՀ կառավարությանն ուղղված Ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքներին, աջակցություն ՀՀ-ում արդարադատության բարեփոխումներին, աջակցություն գյուղատնտեսությանն ու գյուղի զարգացմանը: