«Սա օրիորդաց վարժարան չէ». Ալեքսանդր Արզումանյան

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. բյուջեի քննարկումների աշխատանքին չի մասնակցում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նրան փոխարինում է ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը:

Մատնանշելով Կ.Անդրեասյանի բացակայությունը՝ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դժգոհեց, որ նախկինում միշտ հարգալից վերաբերմունք է եղել ՄԻՊ հանդեպ և այժմ նրա բացակայությունը անհարգալից վերաբերմունք է ԱԺ հանդեպ:

«Մեզ համար անընդունելի է, երբ գերատեսչության ղեկավարը չի գալիս: Լինում են բացառություններ, օրինակ՝ Արտաքին գործերի նախարարի պարագայում, որ ունի երկարաժամկետ պայմանավորվածություն և գրաֆիկ, բայց կոնկրետ ՄԻՊ-ը պետք է մասնակցի: Հակառակ դեպքում, պատկերացրեք, մենք չգայինք, գային մեր օգնականները և քննարկեին: Դա կլիներ անհարգալից վերաբերմունք»,- ասաց Ա.Արզումանյանը՝ նկատելով, որ ԱԺ-ն շատ է հարկավոր ՄԻՊ-ին, որպեսզի օրենսդրական բացերը վերացնեն:

«Սա օրիորդաց վարժարան չէ, որ ինչ-ինչ բաներից նեղացվածություն լինի, և դեմարշներ կատարվեն»,- հայտարարեց Ա.Արզումանյանը:

Կարդացեք նաև

Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էլ միացավ Ա. Արզումանյանի դժգոհությանը՝ նշելով, թե չի եղել պայմանավորվածություն, որ Անդրեասյանը չի գալու ԱԺ: Ըստ նրա՝ սա մտածելու տեղիք է տալիս, թե ԱԺ-ՄԻՊ համագործակցությունը արդյոք փոխադա՞րձ է:

Տ.Արեյանը հավաստեց, թե ՄԻՊ-ը միշտ հարգալից վերաբերմունք է ունեցել և հիմա էլ հարգալից է վերաբերում ԱԺ-ին:

«Գլխավոր հաշվապահին ուղարկեիք: Նախարարներն էլ ունեն ֆինանսական վարչություն, հո իրե՞նք չեն զբաղվում բյուջեով»,- վրդովված նկատեց Ա.Արզումանյանը:

Տեսանյութեր

Լրահոս