Վթարված ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի ընտանիքը տարակուսած է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Տուլայում ավտովթարի ողբերգության պատճառ դարձած վարորդը՝ Գառնիկ Հարությունյանը, Արամուս համայնքից է: Նա ծանր վնասվածքներ չի ստացել։ Նրա ընտանիքն էլ այս օրերին, շունչը պահած, սպասում է որեւէ նորության: Մեզ հետ զրույցում ասում էին, որ ինչ գիտեն` հեռուստատեսությունից է։ Նրա եղբայրը՝ Հարություն Հարությունյանը, ասաց․ «Իր հետ չենք կարողանում կապ հաստատել, ոչ էլ ընկերությունից կամ որեւէ տեղից են զանգել մեզ՝ մանրամասներ ասել։ Սպասում ենք: Գոնե եթե թույլ տային ինքը զանգեր, կամ մեզ մի խաբար ասեին… տեսնենք, եթե նորություն չեղավ, երեւի պետք է գնանք»:
Նա չի հավատում վարկածներին, որ Գառնիկ Հարությունյանը հնարավոր է ղեկին քնած լիներ, քանի որ ընդամենը 2 ժամ էր, ինչ ճանապարհ էին ընկել: «Մանկուց մեքենա է վարում, նորմալ, ուշադիր վարորդ է, չգիտեմ՝ քննությունը կպարզի, թե ինչ է եղել, բոլորս շիվար ենք, ինքը մարդկանց կյանքի հետ խաղացող չէր»,- ասաց Հարությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: