Բաժիններ՝

Մենք պետք է նույնքան պահանջատեր լինենք, որքան հրեա ժողովուրդը. Ա. Աշոտյան

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կրթության համակարգի միջոցառումների շրջանակում այս շաբաթ հանրապետությոն բոլոր դպրոցներում կկազմակերպվեն բաց դասեր՝ նվիրված տարբեր ազգերի ցեղասպանություններին. եղեռն, սեյֆո, հոլոքոստ, մեգալի, ռուանդա: Առաջին բաց դասը Երևանի թիվ 195 ավագ դպորցի 12-րդ դասարանում վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մի շարք նախագծեր էր իրականացրել` հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում:

Միջոցառումները շարունակվում են և այս շաբաթվա ընթացքում հանրապետության բոլոր ավագ դպրոցներում մեկական դաս կնվիրվի այլ ցեղասպանություններին:Մենք այս ընթացքում արդեն խոսել ենք Հայոց ցեղասպանության մասին, եղել են բաց դասեր՝ համահայկական հռչակագրին նվիրված, «Պատվո պահակ» միջոցառումն ենք կազմակերպել, հայտարարվել է շարադրությունների մրցույթ, դպորցականներն անմոռուկներ են պատրաստել և այլն,- նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ թեպետ ապրիլի 24-ն անցել է, բայց ողջ տարին է խորհրդանշական, և անհրաժեշտ է, որ երիտասարդները տեղեկություններ ունենան նաև այլ ազգերի ցեղասպանությունների մասին:
Սկսելով բաց դասը՝ նախարարը շեշտել է, որ պատմության դասերը սերտելով հնարավոր է կանխել անցյալի ուրվականների վերադարձը: «Ես ընտրել եմ Հոլոքոստը, որովհետև այն, պատմագիտական տեսանկյունից Հայոց ցեղասպանության հետ միասին ամենաուսումնասիրված ոճիրն է, մյուս կողմից` քաղաքական իմաստով շատ կարևոր է բացատրել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի և’ զուգահեռները, և’ տարբերությունները՝ միջազգային ճանաչման և դատապարտման առումով: Մեզ համար հրեա ժողովրդի փորձը շատ կարևոր է, մենք պետք է կարողանանք նույնքան պահանջատեր լինել միջազգային ճանաչման և դատապարտման գործում, որքան ժամանակին եղել և այսօր մնում են մեր հրեա բարեկամները», -շեշտել է նախարարը: Արմեն Աշոտյանի խոսքով` կապ չունի, թե որ էթնիկ, կրոնական, ռասսայական խմբի դեմ է կատարվում այս կամ այն ոճիրը, որի բարձրակետը ցեղասպանությունն է.

«Ոճիրը մարդկության դեմ է, հետևաբար` եթե այսօր նման գործողությունների ենթարկվում է մի ժողովուրդ, կրոնական խումբ` ինչպես, օրինակ, եզդիները Իրաքում կամ «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներում քրիստոնյաները, ապա չդատապարտելով, չպատժելով և կանխման մեխանիզմներ չստեղծելով որևէ ժողովուրդ չի կարող հանգիստ ապրել և վստահ լինել, որ նույն աղետը չի կրկնվելու»,-նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ իր նպատակն է դասից հետո երեխաները գնան տուն և պատմության այդ հարցին առնչվող որևէ գրականություն ընթերցեն:

«Պատմության գրավչությունը ոչ այնքան թվերի, անունների մեջ է, այլ ինչո՞ւ, ինչպե՞ս հարցերի պատասխանները որոնելու մեջ»,-ընդգծել է Ա. Աշոտյանը: Նախարարը դասը վարել է ինտերակտիվ մեթոդով` դասապրոցեսին ներգրավելով նաև աշակերտներին, իսկ դասի ավարտին պատասխանել է նրանց հարցերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս