«Այսօր գրեթե մենք պատերազմում ենք, բառացիորեն պատերազմական գործողություններ են կատարվում»

«Այսօվա իրավիճակում չկա որևէ քաղաքացի, որ մտահոգված չէ սահմանի իրավիճակով: Ժամանակակից պատերազմներում, իսկ այսօր գրեթե մենք պատերազմում ենք, բառացիորեն պատերազմական գործողություններ են կատարվում, որևիցե մեկի համար գաղտնիք չէ, որ խոցվում են խաղաղ բնակչությունն ու բնակավայրերը, բառիս բուն իմաստով, իսկ  դա այլ ձևակերպում չունի, հրետակոծվում են, իսկ դա արդեն պատերազմական գործողություն է, և ես գտնում եմ, որ այս պարագայում թե՛ միջազգային հանրության կողմից, թե՛ շահագրգիռ պատկան մարմինների, հատկապես՝ ՀԱՊԿ կողմից, համարժեք պատասխան չկա: Իսկ մեր բանակի գործողությունները ես համարում եմ համարժեք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ խոսելով հայ-արդբեջանական սահմանին տիրող լարված իրադրության մասին:

168.am-ի հարցին, թե ռուսները սա կոչում են «վերահսկելի» լարվածություն, հնարավո՞ր է, որ ՌԴ-ն նույնպես մասնակցություն ունենա այս ագրեսիայում, Խ.Քոքոբելյանը պատասխանեց, որ միանգամայն պարզ է, որ մեր սահմանը գրեթե ամեն օր խոցվում է նաև ռուսական այն զենքերով, որոնք անընդմեջ մինչ այս պահը վաճառվում են Ադրբեջանին.

«Փորձել լղոզել այս իրավիճակը անթույլատրելի է: Փաստը մնում է փաստ, որ ՌԴ-ն, լինելով ՀՀ դաշնակիցը, 1997 թ. հայտնի պայմանագրի 3-րդ կետով ասվում է, որ յուրաքանչյուր կողմ պարտավոր է նպաստել մյուս կողմի համար խաղաղության կայունացմանը, խաղաղության հաստատմանը իրենց հասանելի միջոցներով: Եվ այդ կետի ուղղակիորեն խախտում է լինում և մենք ոչ միայն ՀԱՊԿ-ից պետք է պահանջատեր լինենք, այլ նաև Ռուսաստանից: Ծայրահեղ դեպքում զենքի, զինամթերքի վաճառքն ուղղակի անթույլատրելի է»:

Պատգամավորը համաձայնեց, որ Ռուսաստանը բիզնես է անում և նշեց, որ իրենք չեն թաքցնում դա, անգամ ամենաբարձր մակարդակով ասվել է. «Բնականաբար, փառք Աստծո, մինչ այս պահը մեր անվտանգության երաշխավորը մեր մարտունակ բանակն է և այդպես էլ միշտ կլինի ու սին պատրանքներով չպետք է ապրենք: Բայց դա չի նշանակում, որ համապատասխան կողմերից համապատասխան պահանջները չներկայացնենք: Չարձագանքելը Ադրբեջանի սանձարձակություններին, դա դրանց նսպատելու ամենակարճ ճանապարհն է»:

Տեսանյութեր

Լրահոս