Վարչական իրավախախտումների նոր օրենսգիրքը և այլ նախագծեր հանրային քննարկման կներկայացվեն հոկտեմբերին

Վարչական իրավախախտումների նոր օրենսգիրքը հանրային քննարկման կներկայացվի հոկտեմբերին: Այս մասին այսօր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը:

Ըստ նրա՝ օրենսգրքի նպատակն է՝ արդյունավետ համակարգ, ճկուն մեխանիզմներ ունենալ և նվազեցնել տուգանքների կիրառման չափը: Ա.Մկրտչյանը նշեց, որ օրենսգիրքն առաջին շրջանառությունն անցել է, անցել է նաև միջազգային փորձաքննությունը, այժմ լրամշակվում է և մինչև տարեվերջ պատրաստ կինի:

Նիստի ժամանակ պետք է քննարկվեր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած օրինագիծը «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, սակայն Փաշինյանը չէր եկել նիստին: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ Ն.Փաշինյանը հարգելի պատճառով է բացակայում:

Հարցի քննարկումը հետաձգվեց մինչև մեկ տարով: Կ. Նահապետյանի խոսքով՝ նոյեմբերի 10-ի նիստում քննարկվելու են 3 նախագծեր նույն հարցի մասին՝ Հրանտ Բագրատյանի, Նիկոլ Փաշինյանի և ՕԵԿ-ի:

Ա.Մկրտչյանի խոսքով՝ ստեղծվել է հանձնաժողով, որը քննարկում է նվազ վտանգավորություններ ունեցող իրավախախտումները նախազգուշացումներով փոխարինելու հարցը, 5000-10000 դրամ տուգանքներն են վերանայվում, որ պետական մարմիները պետք է ճկունություն ունենան և չկիրառեն:

Ըստ նրա՝ բողոքարկման համակարգի արդյունավետության մասով նախատեսվում է սկզբնական վարչական ակտերի ընդունումը, լինի ժամանակավոր և բողոքարկման դեպքում քննարկվի, իսկ եթե բողոք չլինի, որոշ ժամանակից հետո ուժի մեջ մտնի վարչական ակտը:

«Փորձում ենք առավել արդյունավետ դարձնել բողոքարկման համակարգը: Տուգանքների չափը ևս կվերախմբագրվի»,- ասաց փոխնախարարը:

Տեսանյութեր

Լրահոս