Պուտինը ԵՏՄ-ի և ԵՄ-ի ինտեգրման լուրջ հեռանկարներ է տեսնում
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նախկինի պես ԵՏՄ-ի և ԵՄ-ի ինտեգրման լուրջ հեռանկարներ է տեսնում:
Վ. Պուտինի խոսքով` «ի հակադրություն «էքսկլյուզիվ» քաղաքականության՝ Ռուսաստանն առաջարկում է տարածաշրջանային տնտեսական նախագծերի ներդաշնակություն, այսպես կոչված՝ ինտեգրացիայի ինտեգրացիա հիմնված միջազգային առևտրի թափանցիկ սկզբունքների վրա:
«Որպես օրինակ կբերեմ Չինաստանի կողմից «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնության շուրջ ԵՏՄ-ի հետ համագործակցության ծրագիրը»,- ասել է նա:
Ի տարբերություն Ֆրանսիայի նախագահի` նա հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ համագործակցելուց հրաժարվելը սխալ է. «Այսօր մենք Իրաքին, Սիրիային և տարածաշրջանի այլ երկրների ռազմատեխնիկական օգնություն ենք ցույց տալիս: Մեծ սխալ է Սիրիայի իշխանության հետ համագործակցությունից հրաժարվելը: Ասադի իշխանությունը քաջաբար կռվում է ահաբեկչության դեմ»,-ըստ gazeta.ru-ի` հայտարարել է նա:
Վլադիմիր Պուտինը նաևհարց է բարձրացրել ԴԱԻՇ-ի վտանգավորության վերաբերյալ. «Պարոնայք, դուք գործ ունեք, իհարկե, շատ դաժան մարդկանց հետ, սակայն ոչ հիմարների և պարզունակների: Նրանք ձեզնից հիմար չեն: Դեռ հայտնի չէ, թե ով է ում օգտագործում իր նպատակների համար»,- նախազգուշացրել է նա:
Վլադիմիր Պուտինը առաջարկել է ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիա ստեղծել. «Մենք առաջարկում ենք ստեղծել միջազգային հակաահաբեկչական կոալիցիա՝ նման հակահիտլերականին»,- հայտարարել է նա` ավելացնելով, որ կոալիցիայի առանցքային մասնակիցները պետք է դառնան մահմեդական երկրները: «Իր արյունալի արարքներով ԴԱԻՇ-ը այլասերում է իսլամը: Նրանց, ովքեր խաբվել են՝ հայտնվելով ահաբեկիչների շարքերում, պետք է օգնել բնականոն կյանքի վերադառնալ»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը:
Ի դեպ, ըստ nr2.com-ի` մոսկովյան բիրժայի առևտրի տվյալներով՝ Պուտինի ելույթի ժամանակ ամերիկյան փոխարժույթն աճել է մոտ կես ռուբլով: Նրա ելույթի սկզբում ամերիկյան փոխարժույթն արժեր 65 ռուբլի 60 կոպեկ, ելույթից կես ժամ անց դոլարը թանկացել է մոտավորապես 30 կոպեկով: Այժմ նրա արժեքն է 66 ռուբլի 14 կոպեկ: