Ինչի մասին են զրուցել Սերժ Սարգսյանն ու Սամվել Բալասանյանը. պարզաբանում է Գյումրու քաղաքապետը

Այսօր aravot.am-ը գրել էր, թե Գյումրիում «Սրբոց նահատակաց» առաջնորդանիստ նորակառույց եկեղեցու օծումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անմիջապես փողոցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ խիստ ու բարկացած հայացքով առանձնազրույց է ունեցել: Թե ո՞րն է եղել Սերժ Սարգսյանի բարկության պատճառն ու ի՞նչ են քննարկել, 168.am-ը հետաքրքրվեց անձամբ Սամվել Բալասանյանից:

«Ի՞նչ բարկացած, ո՞վ է ասում բարկացած է եղել: Զարմանալի է ինձ համար լրատվամիջոցների նման տրամաբանությունը: Քաղաքապետի հետ նախագահը չպիտի՞ խոսի: Խոսել ենք ընդհանուր մեր քաղաքի խնդիրների մասին, ինչի՞ մասին պետք է խոսեինք: Ես, ճիշտն ասած, ապշած եմ նման ինֆորմացիայի համար: Իրական եմ ասում՝ զարմանում եմ, մեկը մյուսի հետ խոսի, անպայման տակը բան են փնտրում»,- վրդովված պատասխանեց Ս. Բալասանյանը:

Ըստ նրա՝ այսօր Գյումրին նորմալ վիճակում է, փողոցները գեղեցիկ, ամեն ինչ մաքուր, տեղը տեղին է, բայց երկրորդական փողոցների խնդիր կա. «Լուն վերցնում, դավա են ման գալիս: Չխոսե՞նք, չասե՞նք, ո՞ւմ ասենք, եթե երկրի նախագահին չենք ասում»:

Գյումրու քաղաքապետը բացառեց, որ Սերժ Սարգսյանը որևէ բանից դժգոհ է եղել. «Չի կարող դժգոհություն լինել: Եթե դժգոհություն լինի, կկանչի, կասի: Ինչի՞ մասին է խոսքը: Զարմանալի է, սովորական կանգնել խոսել ենք և դա դարձրեցին չգիտեմ ինչ»:

 

Տեսանյութեր

Լրահոս