Գյումրին կունենա ֆուտբոլի սեփական ակադեմիան
Գյումրին կունենա ֆուտբոլի սեփական ակադեմիան: Դրա կառուցման ծրագիրը ՀՀ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և երկու միջազգային կազմակերպությունների՝ ֆուտբոլի համաշխարհային միության՝ ՖԻՖԱ-ի և ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈւԵՖԱ-ի կողմից իրականացվող համատեղ ներդրումային ծրագիր է: Վաղը այն կներկայացվի կառավարության հավանությանը:
Ներդրումային այս ծրագիրը ներառված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Հայկական Ֆուտբոլի ստրատեգիական զարգացման ծրագրի» շրջանակներում:
Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան ներառում է 8 հեկտար հողատարածք, որը Գյումրու քաղաքապետի դեռ 2009թ. որոշմամբ հատկացվել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային: Գտնվում է Մուշ թաղամասում: Ներդրումային ծրագրում ներառված նախագծի համաձայն՝ Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի գլխավոր մասնաշենքը բաղկացած է լինելու 1200 քմ ընհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքից, որտեղ կլինեն ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներ՝ կահավորված մարզչական սենյակներ, հանդերձարաններ, սանհանգույցներ, ցնցուղարաններ, դասասենյակ, լսարան, բժշկի սենյակ, վարչական մաս և այլն:
Ակադեմիան կունենա ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված չափորոշիչներին համապատասխան 6 խաղադաշտ, նաև՝ արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտ:
Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում կկարողանան մարզվել մինչև 1000 պատանիներ և աղջիկներ: Ակադեմիայում տեղի մասնագետների համար կկազմակերպվեն մարզչական կրթական դասընթացներ, որի արդյունքում վերապատրաստված և համապատասխան արտոնագրեր ստացած մարզիչներն իրավունք կստանան աշխատելու հայկական ֆուտբոլում:Մշտական զբաղված մասնագետների թիվը Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում կկազմի շուրջ 50 մարդ:
Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 198 մլն 951 հազար 671 դրամ է: