Բաժիններ՝

Խուլիգանություն՝ «Արմենիա» ՀԲԿ-ում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Արմենիա» ՀԲԿ-ում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ։

Նախնական քննության տվյալներով՝ սեպտեմբերի 21-ին «Անհայտ էթոլոգիա, կոմա» ախտորոշմամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ, ով նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում հարձակվել է բուժաշխատողների վրա, կաթիլային միացման համար նախատեսված մետաղյա ձողով հարվածել է վերակենդանացման բաժանմունքի բժշկին։

Բժշկական կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա դեպքի վայր է ժամանել ոստիկանը, սակայն քաղաքացին բռնություն է գործադրել նաեւ նրա նկատմամբ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացու դիմադրությունը կանխելու համար ոստիկանն իրեն ամրակցված 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակից արձակել է կրակոցներ։

Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս