Վարդան Պողոսյանը` Լևոն Զուրաբյանին. «Ես ասում եմ, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է և չի հավակնում որևէ պաշտոնի»

«Երեկ Արամ Մանուկյանի հարցին պատասխանելով՝ Դուք կեղծ տեղեկություն եք տրամադրել՝ ասելով, որ Սերժ Սարգսյանը երբեք անձամբ հրապարակայնորեն չի ասել, որ չի ձգտում ԱԺ նախագահի պաշտոնին: Պետք չէ ապատեղեկացնել ժողովրդին»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ դիմելով սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին:

Նա նշեց, որ Վ.Պողոսյանն ասում է, թե գործող Սահմանադրությունը կոնֆլիկտոգեն է: Լ.Զուրաբյանը հիշեցրեց, որ երբ «Միասնություն» դաշինքը մեծամասնություն կազմեց խորհրդարանում, իրավիճակը հանգուցալուծվեց Հոկտեմբերի 27-ով:

«Ստացվում է, որ հանգուցալուծել է ԱԱԾ պետը՝ Սերժ Սարգսյանը, որին այսօր ներկայացնում եք Դուք»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ դիմելով Վ.Պողոսյանին:

Վ.Պողոսյանը հայտարարեց, թե որևէ կեղծ տեղեկություն ինքը չի ներկայացրել ԱԺ-ին: Նրա խոսքով՝ դա հանրահայտ փաստ է և դա հաստատվել է նախագահի կողմից տարբեր «կանալներով», որ չի հավակնելու ԱԺ նախագահի պաշտոնին:

Լ.Զուրաբյանը տեղից հակադարձեց, թե հրապարակայնորեն չի եղել ոչինչ:

«Պետք է լսելու ունակություն ունենալ, չբղավել ու պահպանել էթիկայի կանոնները: Ի՞նչ կարևոր է հրապարակայինը, եթե ես ասում եմ, որ նա հայտարարել է և չի հավակնում»,- վրդովվեց Վ.Պողոսյանը:

«Հանրությունն ո՞վ ա»,- կրկին տեղից արձագանքեց Լ.Զուրաբյանը:

«Համենայն դեպս՝ Դուք չեք, մի խանգարեք, բավական է»,- միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Վ.Պողոսյանը շարունակեց՝ ասելով, որ կան օրինակներ, երբ կիսանախագահական համակարգը առաջացրել է ճգնաժամային իրավիճակներ, օրինակ՝ ՀՀ առաջին նախագահի կողմից հրաժարականի ներկայացումը, իսկ պառլամենտական կառավարման համակարգում նման իրավիճակներ չեն կարող առաջանալ: Ըստ նրա՝ կիսանախագահական համակարգը որոշակի փուլերում եղել է կոնֆլիկտոգեն:

Տեսանյութեր

Լրահոս