
Սահմանադրական հանձնաժողովը կամ ՀՀ նախագահը չեն ներկայացնում նախագիծը որպես դոգմա. Վարդան Պողոսյան

Այսօր ԱԺ նիստում սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը ներկայացրեց Սահմանադրության նոր նախագիծը: Նա նշեց, որ պատրաստ են քննարկումների՝ հանուն նախագծի բարելավման: Վ. Պողոսյանի խոսքով՝ հանձնաժողովը շարունակելու է գործել մինչև հանրաքվեի օրը:
«Կատարված աշխատանքը չափազանց բարձ որակի է և արժանի է դրվատանքի»,- ասաց Վ.Պողոսյանը:
Ըստ նրա՝ հանձնաժողովն աշխատել և շարունակում է աշխատանքները Վենետիկի հանձնաժողովի հետ: Պողոսյանը շեշտեց, որ սահմանադրական հանձնաժողովը կամ ՀՀ նախագահը չեն ներկայացնում նախագիծը որպես դոգմա: Նրա խոսքով՝ նպատակ չկա ամբողջությամբ վերանայել գործող Սահմանադրությունը, անփոփոխ են նախաբանը, երրորդ հոդվածը, որ վերաբերում է մարդու իրավունքի սահմանափակմանը: Պողոսյանը նշեց, որ սոցիալական շուկայական տնտեսությունն ուղղված է ընդհանուր բարեկեցությանը և զարգացմանը:
«Սահմանվում է կայուն զարգացման սկզբունքը, որն ուղղված է ապագա սերունդների շահերի պատշաճ պահպանմանը: Հատուկ կարևորություն է տրվում հայոց լեզվին՝ որպես պետական լեզու»,- ասաց Վ.Պողոսյանը:
Վ.Պողոսյանը ներկայացրեց պետական իշխանության կառուցվածքն ու կառավարման համակարգին վերաբերող հիմնախնդիրները: