
ԵՄ-ում չեն կարողացել համաձայնության գալ ներգաղթյալներին ապաստանելու քվոտաների վերաբերյալ

ԵՄ անդամ-երկրների ներքին գործերի նախարարները Բրյուսելում կայացած արտահերթ հանդիպմանը չեն կարողացել համաձայնեցնել փախստականների ընդունման հետ կապված քվոտաները:
Խոսքը 120 հազար ներգաղթյալներին ԵՄ երկրների միջև բաշխելու մասին էր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ֆրանսիան ու Գերմանիան պնդում էին փախստականների թվաքանակի ու ապաստան տրամադրելու ժամկետների հստակ պայմանավորվածության մասին, սակայն Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրներ դեմ էին նման պարտադիր կարգի սահմանմանը:
«Քվոտաների համակարգը չի կարող ընդունելի որոշում լինել»,- Բրյուսելում հայտարարել է Սլովակիայի ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինյակը:
Քվոտաների սահմանման հակառակորդները կարծում են, որ դա կհանգեցնի Եվրոպա փախստականների թվաքանակի ավելացման:
Ենթադրվում է, որ առաջարկված պլանը կհաստատվի հաջորդ հանդիպմանը՝ հոկտեմբերի 8-ին:
Մինչ այդ, ԵՄ բազմաթիվ երկրներ ուժեղացնում են ստուգումները սահմաններին՝ փորձելով այդկերպ կարգավորել ներգաղթյալների հոսքը: