Բաժիններ՝

«Օձունի գանձեր» չորրորդ միջհամայնքային հանդիպումն անցավ աննախադեպ ջերմ մթնոլորտում

Շաբաթ օրը Լոռիում ազգային երգ ու պարի, բնության պարգևած բարիքների, ազգային խոհանոցի մեծամասշտաբ ներկայության, ինտելեկտուալ խաղերի տոն էր: Լոռիում անցկացվում էր միաժամանակ երկու փառատոն՝ «Օձունի գանձեր» ամենամյա միջհամայնքային հանդիպումը և «Խորովածի, արվեստի և երաժշտության» փառատոնը: Լոռու մարզի Օձուն համայնքում այս տարի «Օձունի գանձեր» ամենամյա միջհամայնքային հանդիպմանը մասնակցեցին 15 համայնքներ՝ հատուկ իրենց համար պատրաստված տաղավարներում՝ ցուցահանդես-վաճառքի շրջանակներում ներկայացնելով սեփական բնամթերքը: Հանդիպման ընթացքում մասնակիցները ցուցադրեցին տնական օղու պատրաստման արվեստը, ինքնաեռով պատրաստվող տեղական անուշաբույր խոտաբույսերից և հատապտուղներից հայկական զովացուցիչ ըմպելիք «Արմենիտոյի» պատրաստման եղանակը:

Միջոցառումն ուղեկցվում էր հայկական ազգային երգ ու պարի, ինտելեկտուալ խաղերի, լարախաղացի գեղեցիկ ելույթով: Միջոցառումը վարում էր «Վիտամին» ակումբի երգիծաբան Վաչե Թովմասյանը: Փառատոնի հատուկ հյուրերն էին բելգիացի ձեռներեց, «Կանաչ բիզնես» կոնցեպտի ջատագովներից՝ Ստան Իդելսենը, ինչպես նաև հայազգի աշխարհահռչակ շեֆ-խոհարար, «Միշլենի» 2 աստղակիր Ալեն Ալեքսանյանը:

«Օձունի գանձեր» ամենամյա միջհամայնքային հանդիպումը մեկնարկեց Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի, G2iA կազմակերպության ներկայացուցչի, ինչպես նաև Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի հայաստանյան ներկայացուցչի ողջույնի խոսքերով և Օձուն համայնքի հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանի օրհնությամբ:

Axtala-n (1) Axtala-n (5) Axtala-n (8) Axtala-n (3)

Հանդիպման մշակութային մասում ելույթով հանդես եկան Ալավերդիի պարի պետական, ինչպես նաև տեղի ժողգործիքների անսամբլը:

168.am-ի հետ զրույցում հանդիպման կազմակերպիչ G2iA (Հայկական միջմասնագիտական միջազգային խմբավորման) կազմակերպության ներկայացուցիչ Զոհրաբ Մինասյանը հայտնեց, որ, եթե նախորդ տարիներին միջոցառմանը մասնակցում էին Վանաձորն ու Տավուշը, այս տարի միացել են ևս մի քանի նոր մարզեր, ովքեր ներկայանում են և՛ իրենց աճեցրած մթերքով, և՛ արդեն այդ բնամթերքներից պատրաստված տարբեր կերակուրներով՝ տնական թթուներից՝ մինչև չորամրգեր ու մեղր:

Փառատոնը կազմակերպվում է G2iA (Հայկական միջմասնագիտական միջազգային խմբավորում) ֆրանսիական կազմակերպության կողմից՝ Ֆրանսիական Ռոն-Ալպ ռեգիոնի և ՀՀ միջև ապակենտրոնացված համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակներում, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Լոռու մարզպետարանի և մասնակից գյուղերի գյուղապետարանների աջակցությամբ:

Axtala-n (9) Axtala-n (6) Axtala-n (4) Axtala-n (2) Axtala-n (7)

Հիշեցնենք, որ «Օձունի գանձեր» ամենամյա միջհամայնքային հանդիպումն այս տարի անցկացվում էր չորրորդ անգամ: Փառատոնի նպատակն է՝ վերարժևորել Օձունի և հարևան գյուղերի և համայնքների տեղական արտադրության մթերքներն ու պատմամշակութային ժառանգությունը:

Լուսանկարները՝ Տաթև Զարգարյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս