ԱՄՆ Կոնգրեսն ավարտում է Իրանի համաձայնագրի վերաբերյալ բանավեճերը
ԱՄՆ Կոնգրեսն այս շաբաթ ուղիղ քննարկումների է դուրս գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն գործարքի կողմնակիցները արդեն տոնում են հաղթանակը:
ԱՄՆ Հանրապետական ընդդիմությունը դեռ հույս ունի արգելափակել Իրանի Հանրապետության հետ պայմանավորվածությունը, սակայն դրա համար շանսեր գրեթե չունի, հայտնում է TASS-ը:
60-օրյա ժամկետը, որը տրվել էր ամերիկացի օրենսդիրներին Իրանի հետ համաձայնագիրը ուսումնասիրելու համար, լրանում է սեպտեմբերի 17-ին:
Սպասվում է, որ մինչ այդ օրը Կոնգրեսի երկու պալատներն իրենց կարծիքը կհայտնեն բանաձևի վերաբերյալ, որը մերժում է Իրանի հետ գործողությունների համընդգրկուն պլանը: Դա, սակայն, արդեն տեղի չի ունենա: Անցած շաբաթ դեմոկրատները, Սենատում հավաքելով բավականաչափ ձայներ, ընդհանրապես չեն թույլատրել քվեարկության դնել բանաձևը:
Իրադարձությունների նման զարգացումը Վաշինգտոնում գնահատվել է որպես Բարաք Օբամայի կարևոր քաղաքական հաղթանակ, ով արդեն հասցրել է շնորհավորել բոլորին նման «պատմական քայլի» առնչությամբ:
«Սենատը քվեարկել է այն օգտին, որ Միացյալ Նահանգները կարողանան համագործակցել միջազգային գործընկերների հետ գործարքի կյանքի կոչման հարցում, որը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել»,- հայտարարել է ամերիկյան ադմինիստրացիայի ղեկավարը:
Այդուամենայնիվ, ԱՄՆ ընդդիմությունը կարծում է, որ պայքարը դեռևս չի ավարտվել ու շարունակում է ուղիներ որոնել՝ խանգարելու Իրանի հետ գործարքին:
Գործարքը չեղյալ հայտարարելու ակտիվ փորձեր են ձեռնարկվում նաև Ներկայացուցիչների պալատում, որտեղ ընդդիմությունը պահանջում է շարունակել այդ հարցով բանավեճերը նաև սեպտեմբերի 17-ից հետո: