![](/banners/BeFunky-design.jpg)
Շենգենյան գոտու երկրները փախստականների պատճառով ուժեղացնում են սահմանային հսկողությունը
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/150914020638_germany_border_624x351_reuters_nocredit.jpg)
Գերմանիան, Ավստրիան ու Չեխիան հայտարարել են սահմանային հսկողությունը փախստականների պատճառով ուժեղացնելու մասին:
Չեխական իշխանությունները մտավախություն ունեն, որ Ավստրիայի ու Գերմանիայի միջև երկաթուղային հաղորդակցության դադարեցումից հետո ներգաղթյալները Գերմանիա սկսեն ուղևորվել Չեխիայի տարածքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Չեխիայի ներքին գործերի նախարար Միլան Խովանեցը հայտարարել է Ավստրիայի հետ սահմանին սահմանային հսկողություն մտցնելու մասին ու ասել, որ հնարավոր է՝ պահանջվեն հետագա միջոցառումներ՝ կախված միգրացիան ճգնաժամի զարգացման հետ:
Ավելի վաղ նման միջոցառումների մասին հայտարարել էր Գերմանիայի ՆԳՆ նախարար Թոմաս դե Մեզյերը: Հակառակ դեպքում, ըստ նրա, Գերմանիան պարզապես չի կարող հաղթահարել ներգաղթյալների հոսքը:
«Այդ միջոցառումների նպատակն է սահմանափակել Գերմանիա մուտք գործող մարդկանց հոսքը ու վերականգնել կարգը, ինչը վերաբերում է ներգաղթյալների ժամանմանը»,- բացատրել է Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը մամլո ասուլիսին:
Այդ միջոցառումները հակասում են Շենգենյան համաձայնագրին, որը նախատեսում է համաձայնագիրը ստորագրած երկրների միջև ազատ տեղաշարժի իրավունք, սակայն Շենգենյան գոտու երկրներն իրավունք ունեն ներքին սահմաններին ժամանակավորապես վերահսկողություն սահմանել:
Կիրակի Մյունխենի քաղաքային իշխանությունները հայտարարեցին, որ հազիվ են հաղթահարում ներգաղթյալների հոսքը, որոնք քաղաք են ժամանում վերջին շաբաթներին Մերձավոր արևելքի ու Աֆրիկայի երկրներից:
Միայն շաբաթ օրը Մյունխեն է ժամանել ավելի քան 13 հազար ներգաղթյալ:
Գերմանիայի Deutsche Bahn երկաթուղային ընկերությունը դադարեցրել է Ավստրիայի հետ հաղորդակցությունը մինչև երկուշաբթի: