57.7 մլն դրամ՝ Քննչական կոմիտեի շենքի վերանորոգման համար

Աղվան Հովսեփյանը որոշել է բարելավել իր աշխատանքային պայմանները: ՀՀ քննչական կոմիտեի վարչական մասնաշենքում հիմնանորոգման լրացուցիչ աշխատանքներ կիրականացվեն: Մինչև այս տարվա հոկտեմբերի վերջը Մամիկոնյանց 46/5 հասցեում գտնվող կոմիտեի վարչական մասնաշենքում կիրականացվի պատերի և շեպերի (ընդհանուր 2110 քմ) երեսապատում ալյուկոբոնդով (հատուկ երեսապատման թիթեղներ են): Այս աշխատանքի համար բյուջեից կվճարվի շուրջ 57 մլն 700 հազար դրամ:

Ուշագրավն այն է, որ հերթական շինարարական աշխատանքների համար պետական կառույցը նախընտրում է ոչ թե մրցույթ հայտարարել, այլ գնումը կատարել մեկ անձից: «Ջեք փոթը» շահել է «Ագաթ 777» ընկերությունը:

Ընդ որում՝ վերջինիս և Քննչական կոմիտեի շփումները երկար պատմություն ունեն: Քննչական կոմիտեն անցած տարի էլ միլիոնավոր դրամի կահույք ու շինաշխատանքներ է ձեռք բերել հենց «Ագաթ 777»-ից, իսկ այս տարվա սկզբին 800 միլիոնանոց պատվեր էր տվել նույն ընկերությանը՝ շինարարական աշխատանքների համար: Մինչդեռ անցած տարի նոյեմբերին ՀՀ դատախազությունը քրեական գործ էր հարուցել ընկերության հիմնադիր-ղեկավար Աղվան Կարապետյանի դեմ:

Պարզվել էր, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավարն իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց համապատասխան հիմքերի «Ագաթ 777» ՍՊ ընկերությանը Աշտարակ քաղաքը սնող «Արտաշավանի» ջրատարի փոխարինման համար ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինարարության թույլտվություն տրամադրելով, առերևույթ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչը առերևույթ էական վնաս է պատճառել պետության օրինական շահին: «Ագաթ 777» ՍՊ ընկերության տնօրենն, իր հերթին, «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի հետ առերևույթ կեղծել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող համաձայնագիրը` կեղծողների կողմից այն օգտագործելու նպատակով:

Գործն այժմ ՀՔԾ-ում է: Ըստ մամուլի հրապարակումների՝ «Ագաթ 777» ՍՊ ընկերության տնօրեն Աղվան Կարապետյանը ծնունդով ապարանցի է, Արագած գյուղից: Ապարանի հետ իր կապերով հայտնի է նաև Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ով Նիգ-Ապարան հայրենակցական միության պատվավոր նախագահն է, 2004թ-ից նաև Ապարանի պատվավոր քաղաքացի է:

 

Տեսանյութեր

Լրահոս