Բաժիններ՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատասխանը Ժիրայր Սեֆիլյանին. galatv.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մերժում է Հիմնադիր խորհրդարանի անդամ, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի առաջարկը՝ միանալու «Ոչ»-ի շարժմանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ Ալեն Սիմոնյանը նշել է, որ իրենց մասնակցության հարցը չի քննարկվել:

Երեկ «Հանրային փրկության ճակատը» կլոր սեղան էր կազմակերպել՝ ձևավորելու սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի միասնական ճակատ: Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնող անդամ Ժիրայր Սեֆիլյանն «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կեցվածքին և շեշտել, որ հարգում է Նիկոլ Փաշինյանին ու իր թիմակիցներին և կոչ էր արել միանալ «Ոչ»-ի շարժմանը:

«Կարծում եմ, որ բռնատիրության օրոք հնարավոր չէ ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Հորդորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ սառեցնել իրենց այդ դիրքորոշումը և միանալ սահմանադրական փոփոխության դեմ պայքարող ուժերին»,- ասել էր Ժ. Սեֆիլյանը:

Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ:

-Պարոն Սիմոնյան, երեկ Ժիրայր Սեֆիլյանը հորդորեց սառեցնել ձեր դիրքորոշումն ինստիտուցիոնալ ընդդիմություն ձեւավորելու հարցում և միանալ «Ոչ»-ի շարժմանը: Պարոն Սեֆիլյանի հայտարարությունը քննարկե՞լ եք, ի՞նչ է որոշվել:

-Մենք չենք քննարկել, քանի որ որևիցե նոր բան չեն խոսել երեկ, կարիք չենք տեսնում նաև նոր քննարկումների: Մենք հետևել ենք, և որևիցե նոր բան չի ասվել: Ինչ վերաբերում է ինստիտուցիոնալ ընդդիմությունը սառեցնելուն, ասեմ, որ պարոն Սեֆիլյանին մեծագույն հարգանքով ենք վերաբերվում՝ և՛ իրեն, և՛ իր կարծիքին: Բայց դա իր անձնական կարծիքն է:

Մենք շարունակելու ենք ձևավորել ինստիտուցիոնալ ընդդիմություն:

-«Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական փոփոխությունների հարցը համարում է կեղծ օրակարգ: Եթե դրվի կոնկրետ իշխանությունների հեռացման հարցը, այդ դեպքում կփոխվի՞ ձեր դիրքորոշումը:

-Մեզ համար բացարձակ տարբերություն չկա՝ Սահմանադրությունը կմնա հինը, թե կփոխվի: Շատ հաճախ լրագրողները սա համարում են թիվ մեկ քաղաքական խնդիրը, բայց ես չեմ համարում: Ինչո՞ւ: Թիվ մեկ քաղաքական խնդիրն իշխանափոխությունն է, այլ ոչ թե սահմանադրությունը: Պառլամենտական, թե նախագահական, Ս Սարգսյանի կամ այլ անձի՝ որպես վարչապետ, թե որպես իշխող կուսակցության ղեկավար երկիրը ղեկավարելու ձևը դա մեզ համար թիվ մեկ խնդիր չի կարող հանդիսանալ:

Թիվ մեկ խնդիրն ընդդիմության համար իշխանափոխությունն է. պետական կառավարման ձևը լավն է, վատն է, սովետական է, նախագահական է, պառլամենտական է, թե բռնապետական, ի՞նչ կապ ունի:

Իսկ երբ հարցը գնում է իշխանափոխության մասին, մենք բազմիցս ասել ենք՝ երբ որ պարզ կլինի իշխանափոխության պահից 24 ժամ առաջ և հետո ինչ է լինելու, մենք կքննարկենք և մեր մասնակցությունը կլինի: Հիմա դա կլինի մեկ լումայի մասնակցություն, թե 100 տոկոսի մասնակցություն, դա ցույց կտա ժամանակը: Մարդկանց կրկին պարտության տանել, կրկին հույս տալ, հուսախաբ անել, Երևանի կենտրոնում գործողություններ կազմակերպել և այլն, նման գործողություններին չենք մասնակցելու:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս