
«Մեզ մոտ գաղափարախոսությունն ածանցյալ է հացի խնդրից, պաշտոնից»

Կառավարման համակարգ, մարդու իրավունքներ, մարդու իրավունքների պաշտպան` ամեն ինչ դառնում է երկրորդական խնդիր, որովհետև երկիրը կառավարվում է մեկ կուսակցության կողմից ու նրա կայացրած որոշումներով: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով մասնակցում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկմանը:
Նա նշեց, որ այսօր վերարտադրվելու ամենամեծ լծակներն ունի ՀՀԿ-ն՝ թե՛ ֆինանսական, թե՛ ուժային, և այլն: Գ. Ջհանգիրյանի խոսքով՝ իշխանությունում եղած անձերի մեծ մասը կուսակցությունից կուսակցություն է անցնում. «Մեզ մոտ գաղափարախոսությունն ածանցյալ է հացի խնդրից, պաշտոնից: Այդ պարագայում անիմաստ է խոսել, եթե չենք լուծում նոր Սահմանադրությամբ քաղաքական մենաշնորհի հարցը: Իրենք են այդ խնդիրը առաջ բերել ու փաստացի նախագծով եկել են հակառակ արդյունքի և բարձրացրել են սահմանադրական մակարդակի՝ պարտադրում են կայուն մեծամասնություն ունենալ»:
Գ. Ջհանգիրյանը նկատեց, որ ինքը հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը ոչ թե մասնակցում է, այլ ելույթ է ունեցել, իսկ ԱԺ նիստում նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ-ի դիրքորոշումը «դեմ» է լինելու: